Wednesday, January 19, 2011

Հունաստանի նախագահ. Հայաստանի հետ գերազանց հարաբերություններ ունենք

Panorama.am. 18-1-2011- Հայաստանն ու Հունաստանը գերազանց հարաբերություններ ունեն: Երկկողմ հարաբերություններին նման բնորոշում տվեց Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը` այսօր Աթենքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո: Նա նշեց, որ բարեկամ երկրի նախագահին մեծ ուրախությամբ է ընդունել և վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում պատասխան այցով կժամանի իր բարեկամ երկիր: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ի թղթակիցը:
Խոսելով այսօր կայացած բանակցությունների ու քննարկումների մասին` թե՛ նախագահ Սարգսյանը և՛ թե Պապուլիասը նշեցին, որ շոշափել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ:
Իր հերթին, նախագահ Սերժ Սարգսյանը բարձր գնահատելով հայ-հունական համագործակցության մակարդակը, միաժամանակ նշեց, որ երկխոսությունը ընդլայնելու ու խորացնելու հնարավորություններ կան և անհրաժեշտ է համագործակցությանը նոր դինամիկա հաղորդել:
Հայաստանի ու Հունաստանի առաջնորդները համակարծիք էին այն հարցում, որ այսօր ստորագրված երեք փաստաթղթերը համալրելով շուրջ երեք ու կես տասնյակ փաստաթղթերից բաղկացած իրավա-պայմանագրային բազան, լրացուցիչ խթան կհաղորդեն երկկողմ համագործակցության զարգացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հատկապես մեծ կարևորություն տվեց պաշտպանության գերատեսչությունների միջև ծավալված համագործակցությանը և նշեց, որ այդ ոլորտը նախագահների ուշադրության կենտրոնում է:
Նախագահներ Սարգսյանն ու Պապուլիասը կարևորեցին նաև մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացամնը և համոզմունք հայտնեցին, որ այսօր ստորագրված փաստաթղթերը ևս կխթանեն դրան:
Մյուս կարևոր ոլորտը, որ առանձնացրեցին նախագահները, առևտրա-տնտեսական հարաբերություններն են: Թե Հայաստանի և թե Հունաստանի նախագահները հատուկ կարևորություն տվեցին Աթենքում մեկնարկած հայ-հունական գործարար համաժողովին:
Հանրապետության ղեկավարն իր խոսքում նաև տեղեկացրեց, որ հույն գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին և վերահաստատել հայկական կողմի դիրքորոշումը, այն է` չնայած Բաքվի կողմից ուժի կիրառման սպառնալիքներին, հայկական կողմը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով խնդիրը կարգավորելու քաղաքականությանը:
Նախագահը հայտնեց նաև, որ Կարոլոս Պապուլիասի հետ խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին ու նշեց, որ բարեկամ Հունաստանը ևս չի ընդդիմանում հարևան Թուրքիայի Եվրամիությանն անդամակցությանը, բայցև կարծում է, որ այդ նպատակակետն անցնում է անցյալի հետ հաշտվելու ու հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու միջով:
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան կատարած պետական այցը շարունակվում է և առաջիկա երկու օրերի ընթացքում նախագահ Սարգսյանը բազմաթիվ հանդիպումներ կունենա բալկանյան հնագույն երկրի քաղաքական ղեկավարության հետ:

No comments: