Wednesday, January 19, 2011

Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր

Tert.am. 18-1-2011- Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով, այսօր պետական այցով ժամանել է Հունաստանի Հանրապետություն:
Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Այնուհետև տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-հունական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակաբար զարգացման, առևտրատնտեսական, ռազմական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության խորացման, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում փոխգործակցության ակտիվացման, ինչպես նաև տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր, անդրադարձել` ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին:
ՀՀ նախագահի Հունաստան կատարած պետական այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն` ուղղված մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը:
Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր», «ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում 2011-2013թթ. համագործակցության մասին ծրագիր», «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հունաստանի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության միջև 2012 թվականին` Հունաստանի Հանրապետությունում «Հայկական մշակույթի օրեր» և 2013 թվականին` Հայաստանի Հանրապետությունում «Հունական մշակույթի օրեր» կազմակերպելու և անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր»:
Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ ներկայացուցիչների հետ ունեցած համատեղ ճեպազրույցում:
Սերժ Սարգսյանը և Ռիտա Սարգսյանն այսօր կայցելեն նաև «Ակրոպոլիս» թանգարան, իսկ երեկոյան Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անունից` ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, կտրվի պետական ընթրիք:

No comments: