Wednesday, January 19, 2011

Ազատե՛ք Հայաստանին քաղբանտարկյալներ պահելու խայտառակությունից. կոչ Համմարբերգին

Tert.am.18-1-2011- Նախկին քաղբանտարկյալները նամակ են հղել ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին՝ կոչ անելով գործի դնել իր ազդեցությունն ու հասնել Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակմանը։
«Մենք կրել ենք ֆիզիկական ու հոգեկան այն տառապանքները, որ կրում են, թերևս, բոլոր քաղբանտարկյալները։ Մեզ համար շատ ավելի ծանր են եղել հոգեկան տառապանքները, որոնք չեն վերացել, քանզի անազատության մեջ են մնացել մեր մյուս քաղբանտարկյալ ընկերները։
Մեր հասարակությունը լիակատար տեղեկացված է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին։ Տեղեկացված է նաև, որ այդ երևույթը խիստ անընդունելի է ժողովրդավարության և մարդու իրավունքների տեսանկյունից, ինչի ջատագովն է հենց Եվրոպայի խորհուրդը։
2008թ. մարտի 1-ին իշխանության իրականացրած արյունալի ջարդից և քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններից անմիջապես հետո (ինչը Դուք բնութագրեցիք որպես «քաղաքական վենդետա») միջազգային հանրությունը, մասնավորապես ի դեմս ԵԽԽՎ-ի բանաձևերի, ԵՄ նախագահության հայտարարությունների, դա համարել է քաղաքական հետապնդում ու պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը։ Մենք քաջ տեղեկացված ենք նաև ականատեսն ենք եղել այդ ուղղությամբ մասնավորաբար Ձեր՝ Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարի անկեղծ և արդյունավետ ջանքերին։
Ցավոք այդ ջանքերի տրամաբանական խորացում չեղավ, և Հայաստանում դեռ այսօր էլ քաղբանտարկյալներ կան։ Այս հիմքի վրա հասարակության մեջ տարածվում ու արմատավորվում է այն պատկերացումը, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոտնահարումների, դրանց ամենացայտուն դրսևորումը հանդիսացող քաղբանտարկյալների առկայության փաստը կա՛մ համապատասխան միջազգային կառույցների անզորության, կա՛մ իշխանության հետ գործարքի արդյունք է։ Ուստիև կոչ ենք անում՝ գործի դնելով ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի Ձեր ողջ ազդեցությունն ու հնարավորությունները, հասնել քաղբանտարկյալ մեր ընկերների անհապաղ ազատ արձակմանը՝ մեզ ազատելով հոգեկան տառապանքից, ԵԽ անդամ Հայաստանը՝ քաղբանտարկյալներ պահելու խայտառակությունից, Եվրոպան՝ դա հանդուրժելու ամոթից»,- ասվում է նախկին քաղբանտարկյալների նամակում։
ԱՆ

No comments: