Wednesday, January 19, 2011

ԷՐԴՈՂԱՆԸ ԵՄ-ԻՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ, ՈՐ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ՉԿՈՐԾԱՆՎԻ»

«ԱԶԳ», 19-01-2011- Թուրքիան գնալով առավել հստակ է հայտարարում, որ Եվրոմիությանն անդամակցությունը բնավ էլ թուրքական արտաքին իրողությունների առաջնահերթություն չէ, առավել եւսՙ այդ հանգամանքը այլեւս չի կարող որպես ճնշման միջոց կիրառվել Թուրքիային առնչվող հարցերում:
Այլ կերպ, քան մարտահրավեր Եվրոմիությանը, չի կարելի կոչել ամերիկյան «Newsweek» պարբերականում հունվարի տասնյոթին հրապարակված «Եվրոպայի հուսալի մարդը. Թուրքիան ունի այն ուժը, որի մեծագույն կարիքն ունի Եվրոպան» վերնագրված բաց նամակը, որ հեղինակել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելին, նամակում Թուրքիան հայտարարում է ինքն իրեն որպես գլոբալ ուժ ընկալելու եւ համաշխարհային տնտեսության մեջ մեծ դերակատար լինելու պատկերացման մասին:
Եվրոմիության առնչությամբ էլ, ըստ Էրդողանի, Թուրքիան այլեւս խնդրողի դերում չէ, ընդ որում, եվրոպացիներն, ըստ Թուրքիայի վարչապետի, պետք է հասկանան, որ թուրք-եվրոպական հարաբերությունները շրջադարձային փուլում են, որից հետո Թուրքիան այլեւս հանգիստ չի սպասի, թե երբ Եվրոմիությունն իր առաջ դուռ կբացի: Թվարկելով սեփական երկրի հաջողությունները` Էրդողանը հավատացնում է, թե «Թուրքիան պայթում է այն էներգիայից, այն ուժից, որի մեծագույն կարիքն ունի Եվրոպան»:
Եվրոպական տնտեսության եւ հասարակության խնդիրները լուծման տարբերակ դարձնելով թուրքական համագործակցությունը` Էրդողանն իր հոդվածում վստահեցնում է, թե Թուրքիան «փափուկ ուժով» դարձել է գլոբալ եւ տարածաշրջանային խաղացող, որի քաղաքական շահերի ընդգրկուն աշխարհագրությունը բնավ էլ, ըստ Թուրքիայի վարչապետի, ռոմանտիկ «նեոօսմանիզմ» չէ, այլ իրական քաղաքականություն` հիմնված «գլոբալ աշխարհակարգի նոր տեսլականի վրա»: Ավելին, Էրդողանի կարծիքով, «Այդ տեսլականը կօգնի Եվրոմիությանը եւս հաջորդ տասնամյակում»:
«Մեր եվրոպացի ընկերները պետք է հասկանան, որ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները արագորեն մոտենում են շրջադարձային կետի», նշում է Էրդողանը` դժգոհության տեսքով նշելով, թե ԵՄ-ն փոքր երկրների եւ թույլ տնտեսությունների է աջակցություն ցույց տալիս այն դեպքում, երբ դրանից հետո իր կազմ չընդունելը կարող է լարվածություն ստեղծել ու վտանգել ողջ տարածաշրջանը: Մինչդեռ Թուրքիայի առնչությամբ այդպես չի եղել: «Երբեմն ուզում եմ հասկանալ, թե արդյոք Թուրքիայի ուժը խոչընդո՞տ է ԵՄ-ին անդամակցության համար», հարցադրում է անում Թուրքիայի վարչապետը:
Այդուհետեւ Էրդողանը զգուշացնում է Եվրոմիությանը, թե Թուրքիայի այսքան երկար սպասելը կապված էր տնտեսական կողմի հետ, սակայն «այսօրվա Թուրքիան տարբեր է. մենք այլեւս այն երկիրը չենք, որ կսպասի ԵՄ-ի դռանը` որպես հնազանդ հայցվոր»:
Ոմանք, ըստ Էրդողանի, ճիշտ են, երբ նշում են Թուրքիայի համար ԵՄ այլընտրանք չունենալու մասին: Սակայն Թուրքիայի վարչապետի համոզմամբՙ այսօր ճիշտ է նաեւ հակառակը, թե ԵՄ-ի համար իրական այլընտրանք չկա, քան Թուրքիան: «Եվրոմիությունը Թուրքիայի կարիքն ունի` դառնալու առավել ուժեղ, հարուստ, առավել անվտանգ միություն: Ես հուսով եմ, որ մինչ մեր եվրոպացի ընկերները դա կբացահայտեն, շատ ուշ չի լինի», Եվրոպային հստակ «հորդոր» է ուղարկել Էրդողանը, իսկ ավելի կոնկրետ` վերջնագիր:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: