Wednesday, January 19, 2011

Բաքվի բնակչությունն էլ է Ադրբեջանն անազատ երկիր համարում`«Freedom House»-ի պես

Panorama.am. 18-1-2011- «Ազատությունն աշխարհում- 2011» զեկույցում «Freedom House» միջազգային կազմակերպությունը քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հարցում Ադրբեջանը դասել է անազատ երկրների շարքին:
«Ենի Մուսավաթ» թերթը միջազգային այդ կազմակերպության գնահատականի կապակցությամբ հարցախույզ է անցկացրել Բաքվում, ինչից պարզ է դարձել, որ «Freedom House»-ի նման` Բաքվի բնակչությունն էլ է Ադրբեջանն անազատ երկիր համարում:
Հարցման ենթարկվածների մեծամասնությունն ասել է, որ Ադրբեջանի մասին շատ տեղեկություններ իրենք իմանում են օտարերկրյա մամուլի հրապարակումներից և միջազգային կազմակերպությունների զեկույցներից ու հայտարարություններից:
Գրականության ուսուցիչ Իլյաս Ազիմովի կարծիքով, Ադրբեջանում ազատությունների և ժողովրդավարության մասին խոսք չի կարող լինել:
«Ոչ ոք չի կարողանում փոխել այս համակարգը: Մինչև այս իշխանությունը չհեռանա, երկրում ազատություն չի լինելու», -համոզմունք է հայտնել նա:
Ուսանողուհի Գյուլնարա Հուսեյնովայի խոսքով, ժողովուրդն էլ, համաշխարհային կազմակերպություններն էլ լավ գիտեն, որ Ադրբեջանում ժողովրդավարություն չկա, սակայն դա ոչինչ էլ չի փոխում: «Վերջերս նախագահ Իլհամ Ալիևին
«Լրագրողների բարեկամ» ընտրեցին: Ինչ բարեկամի մասին կարող է խոսք լինել, եթե նա մամուլի ազատություն չի ճանաչում, իշխանության դեմ գրող բոլոր թերթերին էլ դատի է տալիս: Իսկ այս բոլորն իմանալով հանդերձ` մամուլը ձայն չի հանում»,- ասել է նա:
Վաճառողուհի Թաշաքյուլ Վալիևի խոսքով էլ` Ադրբեջանում բացակայում է ժողովրդի իշխանությունը և անտեսվում ժողովրդի խոսքը:

No comments: