Tuesday, May 17, 2011

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆԽԱԽՏԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՉԷ

«ԱԶԳ», 17-05-2011- «Տարածքային ամբողջականության սկզբունքը չի նշանակում սահմանների անխախտելիություն: Հակառակ դեպքում աշխարհում նոր պետություններ չէին ձեւավորվի, մինչդեռ միայն վերջին 20-30 տարում աշխարհի քարտեզի վրա տասնյակ նոր երկրներ են ի հայտ եկել», «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Խնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջումների հիման վրա: Այս բոլոր տարիների ընթացքում մենք փորձել ենք փոխզիջումներ գտնել: Բայց մի կարմիր գիծ կա. Լեռնային Ղարաբաղը պետք է իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինի, իր պատմական հայրենիքում անվտանգ ապրելու բոլոր հնարավորություններն ունենա», ասել է նախագահը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է առաջարկել այն փաստաթուղթը, որը մենք պայմանականորեն անվանում ենք Մադրիդյան սկզբունքներ: «Այն ենթադրում է խնդրի լուծում երեք սկզբունքների հիման վրա. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք ու տարածքային ամբողջականության սկզբունք: Այդ փաստաթուղթը հիմնականում բանակցությունները շարունակելու ու խաղաղության մեծ պայմանագրի, մեծ համաձայնագրի մշակմանը ձեռնամուխ լինելու հնարավորություն տալիս է: Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչ են նշանակում այդ երեք սկզբունքները: Ադրբեջանցիները երկար մտորումներից հետո նույնպես ասացին «այո», բայց, չգիտես ինչու, սկզբունքները յուրովի են հասկանում: Մինչ օրս Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր մակարդակներում եւ մշտապես սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները: Դա առաջին սկզբունքի խախտում է: Տարածքային ամբողջականության սկզբունքը հասկանալի է թե՛ մեզ համար, թե՛ իրենց համար, թեեւ տպավորություն է ստեղծվում, որ նրանք միջազգային իրավունքի կոնտեքստից դուրս բացարձականացնում են այն: Իսկ ինքնորոշման իրավունքը նրանք հասկանում են միայն ինքնորոշում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նման ինքնորոշում չի լինում, դա հատվածական, պարզունակ ինքնորոշում է: Ուստի, քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել այդ սկզբունքի իմաստը, խնդրի լուծմանը հասնելը շատ բարդ կլինի: Ղարաբաղն իր անկախությունը ձեռք է բերել արյունահեղ ու դաժան պատերազմում, ծանրագույն պայմաններում, եւ միամիտ կլիներ ենթադրել, որ ղարաբաղցիները կհրաժարվեն այն ամենից, ինչին հասել են, ինչը ձեռք են բերել», ռուսական պարբերականին ասել է ՀՀ նախագահը:
Անդրադառնալով հարցին, թե կողմերը տարբեր կերպ են հասկանում տարածքային ամբողջականության սկզբունքը, Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Կարծում եմ, մենք իսկապես տարբեր կերպ ենք հասկանում: Բայց դրանք սկզբունքներ են, որոնցով աշխարհն է առաջնորդվում: Այդ սկզբունքներըՙ թե՛ տարածքային ամբողջականությունը, թե՛ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին անկախություն ստանալու հնարավորություն տվեցին: Ի՞նչ հիմնավորմամբ մի դեպքում դրանք կարող են կիրառելի լինել, մյուսում` այլ կերպ հասկացվել: Դա անտրամաբանական է»: Հայաստանի նախագահը, հատուկ ընդգծելով տարածաշրջանում Ռուսաստանի ունեցած դերը, շեշտել է նաեւ, որ «ռազմական գործողությունների` Ադրբեջանի կողմից վերսկսվելու պարագայում» «Ռուսաստանը` որպես նաեւ ՀԱՊԿ-ում մեր դաշնակից` պարտավորություններ եւ արձագանքելու մեծ հնարավորություններ ունի: Մենք ՀԱՊԿ շրջանակներում ակտիվորեն համագործակցում ենք: Կան բոլոր իրավական հիմքերը, որ ՀԱՊԿ անդամները միասնական գործեն: Կա նման վստահություն», նշել է Սերժ Սարգսյանը:
Իսկ թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ-ն եւ ե՞րբ է պատրաստվում դա անելՙ Հայաստանի նախագահը պատասխանել է. «Մենք բանակցություններ ենք վարում, իսկ ԼՂ-ի անկախության ճանաչումը կնշանակի խափանել այդ բանակցությունները»: Նախագահ Սարգսյանը ընդգծել է նաեւ, որ «Հայաստանը չի կարող չքննարկել ԼՂ անկախության ճանաչման հնարավորությունը»:
Ռուս լրագրողը Հայաստանի նախագահից հետաքրքրվել է նաեւ, թե կազդի՞ արդյոք Հարավային Կովկասում նոր պետությունների հայտնվելը ղարաբաղյան հակամարտության վրա. «Ընդհանրապես բոլոր այդ հակամարտությունները յուրօրինակ են, ունեն իրենց առանձնահատուկ պատճառները, հետեւանքները, զարգացման դինամիկան: Որպես նախադեպ, իհարկե, նոր պետությունների ստեղծումը դրական է ազդում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի ընկալման վրա: Եվ բանն այն չէ, թե կճանաչենք մենք Կոսովոյի, Հարավային Սուդանի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի պետական ինքնիշխանությունը, այլՙ որ միջազգային հանրությունը տարբեր կերպ ընդունում է, որ անջատումը ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն է», ասել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Հայաստանի նախագահը նկատել է. «Առանց Հայոց ցեղասպանության Թուրքիայի կողմից ճանաչման հաշտեցում չի կարող լինել: Սխալվում են նրանք, ովքեր փորձում են Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման փորձերը ներկայացնել որպես հաշտեցման փորձ: Մենք այստեղ ենք ապրում եւ պետք է որոշակի հարբերություններ ունենանք հարեւանների հետ: Իհարկե, ոչ ամեն գնով: Ոչ մի դեպքում: Երբ մենք սկսում էինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, շատ ընդդիմախոսներ ասում էին, որ դա կխոչընդոտի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ամբողջ աշխարհում: Այդ կանխատեսումները, փառք Աստծո, չիրականացան: Ցեղասպանության փաստն անվիճելի է, եւ մենք պետք է ջանքեր ներդնենք, որ Թուրքիան վերջապես ճանաչի այն: Սա պայքար է արդարության եւ անվտանգության համար», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

No comments: