Monday, May 30, 2011

Ինչո՞ւ էր թուրք գործարարը հայ լրագրողներից հարցնում, թե հայերն ինչո՞ւ չեն սգում կոտորված թուրքերի համար. Radikal

News.am. 30-5-2011- Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս Հայաստան» Հկ-ի եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի «Գլոբալ քաղաքական միտումների կենտրոն»-ի կողմից կազմակերպված ավտոբուսային շրջագայության մասնակիցներից թուրքական Radikal օրաթերթի թղթակից Հաքքը Օզդալն իր «Նրանք(հայերը) գնացին, մենք կորցրեցինք» հրապարակման մեջ անդրադարձել է հայ լրագրողների հետ համատեղ շրջագայությանը:
«Մեր երկշաբաթյա ավտոբուսային շրջագայությունը սկսեց Ադանայի Քոզան(Սիս) քաղաքից: Ցավոք, առիթ չունեցանք հին Կիլիկիայի այդ քաղաքում ավտոբուսից իջնելուց, որտեղ 1909-ին տեղի էին ունեցել հայերի առաջին զանգվածային ջարդերը:
Ադանայի «Չուքուրովայի(Կիլիկիա) երիտասարդ գործարարների միության» հետ հանդիպմանը մեզ հիասթափություն եւ տհաճ մի տեսարան էր սպասում: Ադանացի գործարարները նախ թույլ չտվեցին նկարահանել հանդիպումը` իրենք էլ չիմանալով թե ինչու: Մեր խմբի անդամները հետաքրքրվեցին, թե Հայաստանի հետ գործարար հարաբերություններ կա՞ն, եւ ստացանք «չգիտենք» պատասխանը: Չնայած, որ հանդիպման սկզբում նրանք ասել էին, թե պատմական իրադարձությունները թողնենք պատմությանը, կրկին խորասուզվեցին պատմության մեջ: «Դուք նշում եք ձեր ապրիլի 24-ը, իսկ ինչո՞ւ չկա կոտորված թուրքերի հիշատակման օր»,-հարցնում են նրանք հայ լրագրողներին: Թե ո՞ւր են ուզում հասնել այս հարցով, հասկանալի չէ, սակայն խոսակցությունը լարված ընթացք է ստանում: Հետո միության նախագահը հանդարտեցնում է մթնոլորտը: Թուրքիայում մեր շրջագայության համար սա վատ սկիզբ էր: Սակայն Դիարբեքիրում մեզ հուսադրող մթնոլորտ էր սպասում:
Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի աշխատասենյակում 2 շաբաթյա ծրագրի ամենաթեժ, ամենաանկեղծ եւ ամենահուսադրող հանդիպումն է կայանում: «Հայերը մեծ ցավ են ապրել: Մենք` այստեղ մնացածներս էլ կորցրել ենք: Նրանք գնացին, մենք էլ խաղաղություն չկարողացանք գտնել: Այս քաղաքը միաժամանակ քրիստոնյա քաղաք է: Իր ճարտարապետությամբ հայկական քաղաք է: Մեր ամենամեծ երազանքներից մեկն է իրականանում: Վերականգնվում է հայկական «Սուրբ Կիրակոս» եկեղեցին: Մեր հայ բարեկամները գուցե մեկ օր կվերադառնան, մեր դռները մեր համաքաղաքացիների համար մինչեւ վերջ բաց է»,-ասում է Բայդեմիրը, ում խոսքերը հույս են սփռում: Նման հետաքրքրություն տեսանք նաեւ Սուրի քաղաքապետարանում եւ Վանում:
Մեր խմբի մասնակիցներից Նունե Սարգսյանի ընտանիքը 1915-ին Վանից Երեւան է փախել: Ավտոբուսի մեջ ես Նունեի դիմացն էի նստած: Թաթվան մտնելուց հետո Նունեն սկսում է ներքուստ արտասվել, որը ժամեր տեւեց: Հին Վանում, որտեղ պեղումներ են ընթանում, Նունեն երկար ժամանակով անհետացավ: Նա ոտք էր դրել այն հողին, որտեղ իր ընտանիքն է ապրել: Պեղվող տարածքների դիմաց հայկական հին դպրոցի շենք է, որի վրա գրված է. «վաճառվում է»: Նունեի անհանգստությունը մեծանում է: Լավ է, որ մեկ օր առաջ Աղթամարի եկեղեցին էինք տեսել: Այն մի սփոփանք էր: Սակայն շատ գործ կա անելու: Այս տարածաշրջանում մնայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտություն կա շատ պատմական արժեքներ վերականգնել»,-գրել է Հաքքը Օզդալը:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Հաքքը Օզդալի նշած Ադանայի գործարարների հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցած լարված խոսակցությունը եղել է NEWS.am-ի թղթակցի եւ թուրք գործարարների միջեւ:

No comments: