Saturday, June 25, 2011

ԱՆԻ. ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻ` ՈՒԺԱՍՊԱՌ, ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ

«ԱԶԳ», 25-06-2011- Կարսից դեպի Անի հասնելու համար անհրաժեշտ է անցնել 45 կիլոմետր ճանապարհ: Չափազանց դժվար ու ծանր է այդ կիլոմետրերը հաղթահարելը:Վախ, անհանգստություն, հպարտություն ու հետաքրքրություն. այս զգացողություններն են համակում հայ ուխտավորին Անիի ճանապարհին:Ճանապարհն անցնում է ամայի դաշտի միջով: Շուրջը լռություն է:
Մինչ Անի քաղաք մտնելը բերդապարսպի վրա զբոսաշրջիկին է դիմավորում Բագրատունյաց տոհմի զինանշանը` սլացող առյուծը: Խորհրդանիշը զգաստացնում է. բերդի պարիսպներից ներս մտնողը պետք է իմանա, թե ովքեր են քաղաքի տիրակալները: Քաղաքի բերդապարիսպը կառուցել է Սմբատ Երկրորդ Տիեզերակալը: Շինարարությունը տեւել է 8 տարի:
Առաջին անգամ Անի այցելողին թվում է, թե բերդի պարիսպները կբացվեն, ու կտեսնես այն հրաշքը, որ դարեր շարունակ զարմացրել է արեւելքի եւ արեւմուտքի ժողովուրդներին:
Երբեմնի հզոր եւ գեղեցիկ Անին այսօր վերածվել է ավերակների: Ամենազոր ժամանակը եւ մարդու ավերիչ ձեռքն անխնա ոչնչացրել են անզուգական հնություններն ու հուշարձանները: Անին այսօր նման է որբացած ու տառապած մոր, որ հպարտությամբ փորձում է դիմանալ բոլոր չարիքներին ու շարունակել գոյատեւել, թեպետ անխնա հարվածներից առաջացած վերքերը դեռեւս չեն սպիացել:
Միջնադարյան Հայաստանի մշակութային խոշոր կենտրոն Անիում հավասարապես զարգացած էին արհեստները, մատենագրությունը, գիտությունը, ճարտարապետությունն ու արվեստի մյուս ճյուղերը:


Անին ունեցել է 40 քաղաքային դարպաս, եղել առեւտրային, մշակութային կենտրոն:
Անին համարվում էր հազար ու մեկ եկեղեցիների մայրաքաղաք: Սա մի թիվ էր, որ նշվում է արեւելքում առավել մեծ հռչակ ձեռք բերելու համար: Թեպետ Անին եկեղեցիների մայրաքաղաք էր, սակայն արդեն մի քանի դար այստեղ պատարագ չի մատուցվել, եկեղեցիներում խունկ չի ծխվել եւ աղոթք չի կարդացվել:


Չնայած դարավոր ավերումներին, վեհաշուք մայրաքաղաքը պահպանել է ճարտարապետական կոթողների ավերակներն ու մնացորդները: Կիսավեր կառույցները, փլատակները, կառույցների առանձին հատվածներն ու քանդակներն են հուշում ավերակների թագուհու երբեմնի գեղեցկության ու փառքի մասին:
Բերդապարսպից ներս, գերեզմանային լռության մեջ, զբոսաշրջիկին դիմավորում են հազարամյա մշակույթ ունեցող եկեղեցիներն ու հուշարձանները:

Առաջին տաճարը, որ գրավում է այցելուի ուշադրությունը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է: Այսօր պահպանվել է եկեղեցու ընդամենը մեկ երկրորդ հատվածը, սակայն այդ հատվածն էլ թույլ է տալիս պատկերացում կազմել, թե քարի հայ վարպետները ճարտարապետական ինչպիսի միտք են ունեցել, ու դարեր առաջ ինչպիսի հրաշք է այստեղ վեր խոյացել: Միայն ապշել կարելի է, թե ինչպես է այդ տեսքով եւ կառույցով եկեղեցին պահպանվել մի քանի հարյուրամյակ:

Եկեղեցու ներսը զարդարված է որմնանկարներով: Սուրբ Ամենափրկչի տեսքն այսօր այնպիսին է, որ բաց երկինքն է լուսավորում աստվածաշնչյան պատկերները, եւ հատկապես մայրամուտին, երբ արեւի ճառագայթները լուսավորում են եկեղեցին, տպավորություն է ստեղծվում, թե պատկերները երկինք են բարձրանում:
Անիի եկեղեցիների թագուհին Մայր տաճարն է` Սուրբ Կաթողիկեն: ճարտարապետներն ու պատմաբաններն այն համարում են Կովկասի ճարտարապետության զարդը: Եկեղեցին նվիրված է Աստվածածնին: Շինարարությունը սկսվել է Սմբատ 2-րդի օրոք` 989 թվականին, եւ ավարտվել Գագիկ 1-ինի օրոք, նրա կնոջՙ Կատրանիդե թագուհու հովանավորությամբ:
Տաճարի կառուցումը տեւել է 20 տարի: ճարտարապետը հռչակավոր Տրդատն էր: Սուրբ Կաթողիկեի յուրահատկությունն ու հմայքը պարզության մեջ են: Տրդատը ցանկանում էր, որ տաճարը լիներ պարզ, սակայն ոչ հասարակ, եւ առանձնանար կամարակալների, նրբասլաց սյուների, խոյակների ու քանդակների ներդաշնակությամբ:
Այսօր Անիի Մայր տաճարը կանգուն եւ կիսամեռ է միաժամանակ: Հեռվից կանգուն եւ խրոխտ տեսք ունի, սակայն մոտենալով նկատում ես. տաճարի գմբեթը գրեթե փլված է, պատերը խարխուլ են:
Առասպելը պատմում է, որ Կատրանիդե թագուհուն երազում հայտնված հրեշտակն է հուշել հովանավորել տաճարի կառուցումը: Հրեշտակը թագուհուն խոստացել է, որ կառույցի շինարարության ընթացքում չի լքի եւ այնքան ժամանակ կպահպանի եկեղեցին, մինչ արաբները տեսնեն Քրիստոսի գալուստը:
Սա իհարկե առասպել է, սակայն ո՞վ իմանա, գուցե հենց Կատրանիդե թագուհու հրեշտակն է պահպանում եկեղեցին չարիքից, երկրաշարժերից ու թուրքերի ատելությունից:
Մայր տաճարից դեպի հարավ` ձորի բերանին, վեր է խոյանում մի եկեղեցի, որ զարդարված է որմնանկարներով:
1215-ին մեծահարուստ Տիգրան Հոնենցի նվիրատվությամբ կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին բարակ սյուներ եւ նուրբ կամարներ ունի: Դրսից տաճարը նման է առնական տղամարդու: Այն ուժեղ է, գեղեցիկ, խրոխտ եւ ներդաշնակ բնությանը: Ներսից` փխրուն եւ քմահաճ կին, որ խոցված է բազմաթիվ վերքերով:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը զարդարված է որմնանկարներով, աստվածաշնչյան պատկերներով ու խաչերով:
Մահմեդական ատելությունն ու թշնամանքը հասել են այն աստիճանի, որ թուրքերը փորել են տաճարում պատկերված սրբի աչքերը: Պատերին թուրքերեն գրություններ են, սիրո խոստովանություններ, խզբզոցներ:
Տաճարի խորանը չի պահպանվել, եկեղեցու գլխին խաչ չկա: Դրսից տաճարը զարդարում են հայկական արձանագրությունները: Դրանց մի մասը ջարդված է, մյուս հատվածը պահպանվել է հրաշքով:
Քաղաքի մեկ այլ հատվածում շրջանաձեւ կառույց կա: Տաճարն այդ կոչվում է Գագկաշեն: Ճարտարապետական կառուցվածքով նման է Զվարթնոց տաճարին, սակայն ավելի մեծ է:
Ճարտարապետը` Տրդատը, շինարարության ընթացքում բազմաթիվ փոփոխություններ է մտցրել, որպեսզի Գագկաշենն առանձնանա Զվարթնոցից: Եկեղեցին եռահարկ է եղել, արտաքին կողմից շրջապատված 36 կամարով, ունեցել է նույնքան թվով պատուհան եւ 3 դուռ, որոնց շրջանակները ծածկված են եղել քանդակներով:
Գագկաշենն ընդամենը 10 տարվա կյանք է ունեցել եւ հիմնովին ավերվել երկրաշարժից: Այսօր պահպանված խոյակները, կամարները, սյուներն ու զարդանախշերը թեթեւ արտացոլանքն են այն հրաշքի, որ ստեղծվել է դարեր առաջ:
Անիի արտաքին պարսպից դուրս է գտնվում Հովվի եկեղեցին: Գոթական ոճով կառուցված եռահարկ եկեղեցին ճարտարապետական գոհարներից մեկն է: Քաղաքում պահպանված բերդապարիսպները հուշում են Անիի հզորության եւ անառիկության մասին:
Անին հզոր է ոչ միայն իր հնություններով եւ պատմական հուշարձաններով, այլեւ բնության ներդաշնակությամբ: Այստեղ յուրաքանչյուր պարիսպ, կառույց եւ եկեղեցի համահունչ է բնությանը, Ախուրյանին ու հանդիպակաց լանջերին եւ ստեղծում է բնության ու ճարտարապետության համաձուլվածք:

Այսօր Անին բաց տուրիստական գոտի է, տարիներ առաջ փակ ռազմական տարածք էր: Ավերակների կույտի վերածված Անին դարեր շարունակ դարձել է խաշնարած ցեղերի քոչավայրը: Նրանք իրենց գոմերը, փարախներն ու խրճիթները կառուցելու համար անխնա թալանել են վաղեմի մայրաքաղաքի սքանչելի, սրբատաշ ու քանդակազարդ քարերը, ավերել տաճարներըՙ փնտրելով ոսկի եւ թանկագին իրեր:
Մեր այցելության ժամանակ էլ Անիի ավերակներում մի քանի տասնյակ կովեր էին արածում` երբեմնի փառահեղ թագուհու անկողինը դարձնելով արոտավայր: Քուրդ կինը չէր հասկանում, թե ինչու են հայ զբոսաշրջիկները Մայր տաճարում երգում, աղոթում ու արտասվում: Նրա համար տաճարն ընդամենը քարի կտոր էր, իսկ տարածքըՙ հրաշալի արոտավայր իր կովերի համար:
Ոչ ոք չի կարող պատասխանել, թե որ մեղքի համար է Անին այսպես պատժվում: Ի՞նչ է նա արել, որ նման դաժան կերպով է հատուցում:
Վերջին վիրավորանքն ու ծանր հարվածը, որ ստացավ Անին, անցյալ տարի էր, երբ թուրք ազգայնականները Մայր տաճարում նամազի արարողություն կատարեցին: Քրիստոնյա եւ բարեպաշտ աշխարհը լռեց ու չդատապարտեց մահմեդականների այդ արարքը, դրանով իսկ հիմք ստեղծելով, որ նման արարքները կրկնվեն:
Թեպետ Անին ուժասպառ է, սակայն հպարտորեն դիմանում է: Միգուցե երկնային ուժերն են պահպանում, որ թագուհին շարունակի գոյատեւել, սակայն հույսը դնել միայն երկնային ուժերի վրա` միամտություն է:
Այս տարի լրանում է Անիի մայրաքաղաք հռչակման 1050-ամյակը: Արդյոք ժամանակը չէ՞, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական գործընթաց սկսի, որպեսզի համաշխարհային քաղաքակրթական ժառանգության կարեւոր հուշարձան Անին ՅՈՒՆԵՍԿՕ-ի օժանդակության ցանկում ընդգրկվի` այդ կերպ պաշտպանվելով թուրքական բարբարոսություններից:
Արեւմտյան Հայաստան այցելությանն աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում «Անի տուր» տուրիստական գործակալությանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Անի-Երեւան

No comments: