Wednesday, July 6, 2011

Հայերենի իմացությամբ կադրեր փնտրելու համար թուրք քաղաքապետից ոստիկանությունը բացատրություն է պահանջել

Panorama.am.6-7-2011- Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանի գործունեության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, հետաքննության պատճառ է հանդիսացել այն, որ Սուրի քաղաքապետարանը պաշտոնական լեզու հանդիսացող թուրքերենից բացի աշխատանքի ընդունման պայմանն է հայտարարել նաև քրդերեն, հայերեն, զազաերեն լեզուներից որևէ մեկի լավ իմացությունը:
Ներքին գործերի նախարարությունն արդեն գրավոր բացատրություն է պահանջել քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշից այդ կապակցությամբ: Վերջինս, սակայն, վրդովմունք է հայտնել` նշելով, որ իրենք հակասահմանադրական ոչինչ չեն արել և ընդամենը նպատակ են ունեցել հանրության հետ կապերն ավելի արդյունավետ կազմակերպելու համար գործադրել վերոնշյալ լեզուների իմացությունը:

Դեմիրբաշը հիշեցրել է, թե ինչպես է որոշ պետական ու մասնավոր հիմնարկ-հաստատություններում պահանջվում անգլերենի, գերմաներենի կամ ֆրանսերենի իմացություն: Նույն անհրաժեշտությամբ էլ Սուրի քաղաքապետարանն է հայերենին, քրդերենին կամ զազաերենին տիրապետող կադրերի կարիք ունեցել:

No comments: