Tuesday, July 19, 2011

Սառույցը սկսեց «կոտրվել»

Մեր զրուցակիցն է POLICY FORUM ARMENIA կազմակերպության համահիմնադիր, Վաշինգտոնում գործող միջազգային ֆինանսական կառույցներից մեկի ավագ տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Դավիդ Գրիգորյանը

-Պարոն Գրիգորյան, 2008-ից սկսած Հայաստանում տեղի ունեցող զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում: Շատերը բնորոշում են, որ քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներ են նկատվում:
-2008-ին տեղի ունեցած իրադարձությունները շատ առումով ճակատագրական էին ոչ միայն հանրապետության, այլ նաև ամբողջ աշխարհի հայության համար: Հայաստանյան գործընթացներին զուգահեռ Սփյուռքում տեղի ունեցան բավական լուրջ և խորը գործընթացներ, առաջացան նոր բաժանարար գծեր և անջրպետներ: Մենք, քաջատեղյակ լինելով այս գործընթացներին (չնայած POLICY FORUM ARMENIA-ի գործունեությունը հիմնականում ծավալվում է Սփյուռքում, բայց մենք մեզ հայաստանակենտրոն ենք համարում), միանշանակ կարող ենք ասել` Հայաստանում քաղաքացիական հասարակության ծնունդի առումով 2008-ը շատ կարևոր էր:

-Սփյուռքում ի՞նչ բաժանարար գծեր առաջացան:
-Նախ ասեմ, որ Սփյուռքը 2008-ի դեպքերն ընկալեց ոչ միանշանակ: Ուղղորդվելով իշխանության որոշ շրջանակների կողմից` բավական խեղաթյուրված պատկերացում էր ձևավորվել ավանդական կուսակցությունների և այլ կառույցների շրջանակներում: Իշխանությունները կարողացան հասնել նրան, որ 2008-ի դեպքերը կապվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի անձի հետ, որը բնավ կապ չուներ այն գործընթացի հետ, որ տեղի էր ունենում`կեղծված ընտրություններ, մարտիմեկյան սպանդ և այլն: Ավելի ուշ` հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված գործընթացի արդյունքում, սփյուռքահայությունը հասկացավ, որ ոչ լեգիտիմ իշխանությունը, որը չի վայելում ժողովրդի հիմնական զանգվածի վստահությունը, հեշտությամբ օգտագործվում է արտաքին ուժերի կողմից ի վնաս ՀՀ և ազգի շահերի: Նրանց համար սարգսյանական վարչակազմի կառավարման 3 տարիների ընթացքում նաև պարզ դարձավ, որ վերջինս չունի ոչ քաղաքական կամք, ոչ էլ մտավոր և մարդկային ներուժ Հայաստանի առաջ ծառացած խնդիրների լուծման համար: Եվ բոլորը տեսան`ինչ ընդունելության արժանացավ Սերժ Սարգսյանը սփյուռքի տարբեր կենտրոններում: Այս պահից հետո սառույցը սկսեց «կոտրվել», և արդեն սփյուռքի ավանդական կուսակցությունները և նոր ստեղծվող կառույցներն աստիճանաբար սկսեցին այլ կերպ վերաբերել թե Հայաստանի իշխանությանը, թե տեղի ունեցող գործընթացին. քաղաքացիական հասարակության մեջ տեղի ունեցող վերելքը սկսվեց ավելի լուրջ ընկալվել այդ կառույցների կողմից: Եվ պատահական չէ, որ POLICY FORUM ARMENIA-ի Հայաստան-Սփյուռք 20-ամյա հարաբերությունների վերաբերյալ մեր զեկույցը լավ ընդունվեց սփյուռքահայություն կողմից: Որքան դա ցավալի էր, այդ զեկույցում մենք փաստորեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունների անցած քսան տարիները գնահատեցինք իբրև կորսված այնքանով, որքանով չստեղծվեցին այն ինստիտուցիոնալ հիմքերը, որոնք զարգացման իրական հեռանկարներ կապահովեին և անհրաժեշտ էին ազգին` խուսափելու այնպիսի տատանումներից, ինչպիսին մենք ունեցանք 2008-ին, և կոչ էր արվում նոր ձևաչափերի որոնման:

-Սփյուռքի նախարարության հետ սփյուռքը որքանո՞վ է կարողանում աշխատել. Արի տուն, Արի տուն լրագրող, որքանո՞վ է Սփյուռքի նախարարությունը իրական սփյուռքը ներկայացնում:
-Այս ամենն իրականում չէր էլ կարող աշխատել, քանի որ սփյուռքահայերը շատ լավ հասկանում են` անցած գործընթացների արդյունքում 2010-11-ին երկիրը կանգնած է լուրջ ճգնաժամի առաջ, և գոյություն ունեն օբյեկտիվ պատճառներ` կապված թե ժողովրդագրական, թե տնտեսական խնդիրների հետ, որոնք այնքան խորն են, որ ի վերջո վերածվում են ազգային անվտանգության խնդիրների: Այդ հիմնախնդիրների լուծման փոխարեն ստանալով «Արի տուն», «Արի տուն, լրագրող» ծրագրերը` մարդիկ հեգնանքով են վերաբերվում և ոչ մի լուրջ ակնկալիք չունեն, հատկապես, երբ կարծես թե փորձ է արվում դրանցում ներգրավել այնպիսի կառույցների կամ անձանց, որոնց քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը բավական ցածր է, որոնք իրենց երբևէ թույլ չեն տալիս իշխանությունների հանդեպ քննադատությամբ հանդես գալ: Այս ամենի արդյունքում Սփյուռքի նախարարության վարկանիշը Սփյուռքում մնում է սարսափելի ցածր:

-ՀՀԿ-ՀԱԿ երկխոսությունն ինչպե՞ս է Սփյուռքն ընկալում:
-Դժվար է միանշանակ ասել, քանի որ սփյուռքը միատարր չէ, բայց կարծում եմ` այդ գործընթացը հիմնականում ընկալվում է որպես ժողովրդի իղձերի հետ կապ չունեցող բախտախնդիրություն տերպետրոսյանական թիմի կողմից: Իմ կարծիքով, իշխանական թևը սա ռացիոնալ է օգտագործում, ստատուս քվոն երկարաձգելու համար: Եվ քանի որ սփյուռքը բավական խելամիտ է սկսել տեսնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, ուստի մարդիկ ոչ մի լուրջ սպասելիք չունեն: Տեսնելով, որ ոչ իշխանությունները, ոչ էլ տերպետրոսյանական ընդդիմությունը չունի Հայաստանի առաջ ծառացած 21-րդ դարի հիմնախնդիրները հաղթահարելու ներուժ, սփյուռքահայերի մի զգալի զանգված կարծես թե ուղղակի, թե, անուղղակի, դարձել է 3-րդ ուժի ջատագովը:

-Իսկ այդ ներուժը կա՞ մեր երկրում:
-Հարցը պարունակում է մի սահմանափակում, որի հետ ես ի սկզբանե համաձայն չեմ: Ներուժ փնտրել հարկավոր է ոչ թե Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Անկախ Հայաստանի գոյության քսան տարիների ընթացքում Հայաստանի իշխանություններն ամեն հնարավոր և անհնար միջոցներով փորձել են մեզանում որակը վանել: Սա արվել է ոչ միայն մարդկանց անձնական մակարդակով ֆիզիկապես դուրս մղելով և գործընթացներից դուրս պահելով, այլ քաղաքական դաշտն այնպես խեղաթյուրելով և այլասերելով, որ որակյալ և կարող մարդիկ դուրս են եկել Հայաստանից: Այն ուժերին, որոնք կգան իշխանության այս ճգնաժամից հետո, խորհուրդ կտայի այդ ներուժը փնտրել ոչ միայն Հայաստանում, այլ ի սփյուռս աշխարհի:

-Կա տեսակետ, որ երկխոսության արդյունքում քաղաքական դաշտը մոնոպոլացվել է, մնացած ուժերը դուրս են մնում քաղաքական պայքարից:
-Չնայած որ, ըստ իս, երկխոսությունն ուղղված է իրական ընդդիմադիր ուժերի դեմ, կարծում եմ` սա կարող է սթափեցնող ազդեցություն ունենալ վերջինների վրա: Ժողովուրդն աստիճանաբար տեսնում է տերպետրոսյանական ընդդիմության իրական դեմքը, որը 3 տարի թյուրիմացության մեջ դնելով պայքարի պատրաստ ժողովրդին, այժմ ներգրավված է անթափանցիկ և որևե էական խոստում չպարունակող գործընթացի մեջ, որի մանդատը, ի դեպ, իրեն` Տեր-Պետրոսյանին, ոչ մեկը չի տվել: ՀՀՇ-ի պարագլուխներն այնքան են մոռացել, թե իրենց 2007-ից մինչև 2010-ը երգած երգը ինչի մասին էր, որ այժմ փորձ անգամ չեն անում ձևացնելու, թե ինչն է իրենց համար առաջնային և ինչն է երկրորդական: Առանց իշխանության ընտրություն կեղծելու և ուժ կիրառելու ախորժակը որևիցե կերպ սաստելու` շարունակ խոսում են այս 2 գործոնների օրոք միանշանակ անիմաստ և անգամ վտանգավոր թվացող հերթական ընտրությունների մասին: Սա ինձ համար լուրջ չափորոշիչ է` ինչքանով են իրենք հակադրվում գոյություն ունեցող իշխանությանը և լուրջ վերաբերվում քաղաքացու ազատ ընտրության իրավունքին: Նվազեցնելով ժողովրդական ցասման ալիքը հօգուտ իշխանության` ՀԱԿ-ը այժմ դրա դիմաց դիվիդենտներ ստանալու գործին է լծվել: Այսպիսով, բացասական եմ վերաբերվում այս երկխոսության գործընթացին և սպասելիք չունեմ: Հույսս այն է, որ իրոք սա խթան կհանդիսանա որակապես նոր ուժերի ստեղծման, և արդեն գոյություն ունեցող իրական ընդդիմական ուժերի կոնսոլիդացիային:

Ըստ իս` հիմա պայքար է գնում չարի և բարու, կեղեքող իշխանության և սոցիալապես անապահով խավերի, կիսագրագետ, ապիկար կառավարության և իրենց երեխաների ապագան դեռ այս երկրի հետ կապող փոքրամասնության, օտարերկրյա գործակալների և իրենց երկիրը ազատ կառուցել ցանկացողների միջև: Սրանք բավական լուրջ հակասություններ են, որոնց լուծումը պահանջում է արժեքային համակարգի լուրջ վերանայման և ձևաչափերի հսկայական փոփոխություն: Ցավոք այն փոփոխությունները, որոնք այս պահին առաջարկում են իշխանական թևը և տերպետրոսյանական ընդդիմությունը, գոնե փոքր-ինչ մոտ չեն այս հիմնախնդիրներին լուծումներ առաջարկելուն:

-Սփյուռքի ներգրավվածությունն այս ամենին ինչպե՞ս եք պատկերացնում:
-Պատկերացնում եմ երկու ձևով. նախ չմոռանանք, որ Սփյուռքում ապրում են բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, որոնք ուղղակիորեն կարող են մասնակցել ընտրություններին, ցավոք, որոնց մասնակցությունը 2007-ի երկքաղաքացիության օրենքն անցկացնելու ընթացքում կարճվեց: Հիմա արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներն անգամ չեն կարող դեսպանատներում քվեարկել: Այսպիսով, կտրվեց գործընթացներին այդ մի զանգվածի ներգրավելու հնարավորութունը: Երկրորդ`արդեն հին սփյուռքը կարող է ներգրավվել քաղաքացիական հասարակությանն օժանդակելու առումով, լինի դա ընտրությունների մոնիտորինգի, և ինչու չէ` նաև օրենքի սահմաններում թույլատրվող ֆինանսական աջակցության ընդդիմադիր ուժերին: Կարծում եմ`ցանկության դեպքում կարելի է գտնել այն ձևաչափերը, որոնք թույլ կտան Սփյուռք-Հայաստան կապի ավելի ակտիվացման և սփյուռքի ավելի իմաստալից ներգրավմանը Հայաստանի կյանքին:

-Ո՞ր խնդիրներն են ծառացած Հայաստանի առաջ, բացի ղարաբաղյան խնդրից:
-ՀՀ-ն այնպես, ինչպես հիմա է կառավարվում, թե տնտեսական, թե ժողովրդագրական առումով ապագա չունի: Հայաստանը կորցնում է այն մրցունակությունը, որ երբևէ ունեցել է: Տնտեսական դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ այլևս մրցունակ չենք հումքից բացի որևէ բան արտահանելու: Ինչ էլ արտադրվում է ներքին շուկայի համար, արագ փոխարինվում է դրսի արտադրանքով, վերջինիս ավելի մրցունակ լինելու հաշվին: Իսկ դրա պատճառները կարծես թե գիտեն բոլորը՝ սկսած համատարած կոռումպացվածությունից`վերջացրած արտարժույթի չափից դուրս արժևորված լիելուց: Այս պայմանները բերում են Հայաստանի տնտեսության անհեռանկարայնությանը և նպաստում արտագաղթին: Համաշխարհային ճգնաժամի արդյունքում և սխալ տնտեսական քաղաքականության հետևանքով Հայաստանը 2009-ին ապրեց ամենալուրջ անկումներից մեկը (այս մասին, ի դեպ, հանգամանալից զգուշացրել էիք կառավարությանը Policy Forum Armenia-ի 2009-ի զեկույցում):

Առնվազն դեռ երկու տարի է հարկավոր, որպեսզի վերադառնանք ՀՆԱ-ի միջճգնաժամյան մակարդակին, հույսներս դնելով միայն տրանսֆերտների վրա, որը ցավոք դարձել է իշխանության տնտեսավարման մոդելի հիմնաքարը, մի բան, որը բնորոշ է զարգացման որևիցե լուրջ հայտ չներկայացնող և հիմնականում թերզարգացած երկրներին: Ժողովրդագրական անգամ պաշտոնական տվյալները բավական ծանր իրավիճակ են նկարագրում, և կարծես հասնում ենք հասարակածին, որից հետո ազգային սուվերենիտետի (ինքնավարության) կորստի շեմին կարող ենք կանգնել` լինի դա պատերազմի վերսկսման, թե անուղղակիորեն ևս մեկ տնտեսական ճգնաժամի հետևանքով, հաշվի առնելով այն ալիքը, որը կարծես թե այժմ ուժգնանում է Եվրոպայում: Այդ իսկ պատճառով, և եթե դեռ մտադրված ենք գոյատևելու, անկախության առաջին տարիների ընթացքում տարած մեր հաղթանակը ամրապնդելու և մեզ վերաբերվող պատմական անարդարությունները շտկելու, կարիք ունենք նոր մարդկանց, նոր տեսլականների և նոր ձևաչափերի:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
«Լրագիր» 18-7-2011

No comments: