Wednesday, August 24, 2011

ԷԼՉԻԲԵՅԻՆ ՍՊԱՆԵ՞Լ ԵՆ

«ԱԶԳ», 24-08-2011- Այս օրերին լրացել է Աբուլֆազ Էլչիբեյի` Ադրբեջանի երկրորդ եւ թերեւս միակ օրինական ընտրված նախագահի մահվան 11-րդ տարին: Այդ առթիվ «Մուսավաթ» կուսակցության պաշտոնաթերթը հանդես է եկել մի բավական ուշագրավ վերլուծականով, որի առանցքային թեման նրա` մահվանից մի քանի ամիս առաջ ԱՄՆ այցելությանն է վերաբերում: Իր եզրահանգումներում թերթի մեկնաբանը չափազանց ժլատ է: Նա գերադասել է նախապատվությունը տալ փաստերի շարադրմանը: Ըստ այդմ, մահվանից երեք ամիս առաջ Աբուլֆազ Էլչիբեյը «հրավիրվել է Միացյալ Նահանգներ, որտեղ պետք է անցկացվեր թուրքական հավաքույթ, եւ Վաշինգտոնի փողոցներում փակցված էր Դերբենդից մինչեւ Բասրա ձգվող միասնական Ադրբեջանի քարտեզը, որը մեծ ուժերի համար բավական անհանգստություն էր»:
Այցելության ընթացքում Էլչիբեյին ուղեկցած անձանցից` Թողրուլ Քյաշքինգորանի ասելովՙ «մի երեկո հանդիպման համար» իրենք գնացել են Վաշինգտոնի Կոնեկտիկուտ պողոտայում գտնվող` Իրենա Լոսատ անունով լեհական հրեա մի կնոջ բնակարան: «Հանդիպումը նշանակված էր երեկոյան ժամը 8-ին: Երբ մոտեցանք բնակարանին, մեզ ներս չհրավիրեցին, ներս մտավ միայն Էլչիբեյը: Մենք ուրիշ ընկերների հետ դռների մոտ երկու-երեք ժամ սպասում էինք, ներս մտնողներին տեսնում էինք: Նրանցից ամենակարեւորը Կիպրոսի հարցում Քլինթոնի անձնական ներկայացուցիչ Նելսոն Լեդսկին էր: Մոտավորապես երկու կամ երեք ժամ անց Էլչիբեյը շենքից դուրս եկավ, բայց հանգիստ չէր, ինչպես մինչ այդ, երբ եկել էինք: Կարելի է ասել, որ մտահոգ էր: Մոտենալով մեզՙ նա ազերական գեղեցիկ ոճով ասաց. «Հայդա, տղերք, գնացինք»: Երբ մեքենա նստեցինք, Էլչիբեյին հարցրինք, թե որն է մտահոգության պատճառը: Նա ասաց. «Սրանց ծառա է պետք, ես ոչ մեկի ծառան լինել չեմ կարող», եւ հայհոյեց»:

Ըստ այդ վկայության, «Մուսավաթ»-ի պաշտոնաթերթը հարցադրում է անում. «Մահվանից երեք ամիս առաջ Էլչիբեյից ի՞նչ էր ուզում ԱՄՆ-ը», եւ ասում, որ այդ դեպքից շուրջ երեք տարի անց Միացյալ Նահանգներ է հրավիրվել Իսա Ղամբարը, որի հետ հանդիպել է Եվրոպա- Ասիա ծրագրերի տնօրեն Նադյա Դյուկը, ինչպես նաեւ ԱՄՆ հետախուզության Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով տնօրենի տեղակալ Մարտին Շվարցը:
Այդ հանդիպումից հետո Ղամբարին ուղեկցող անձանցից մեկին է մոտեցել ներսում գտնված «ծանոթն ու ասել, որ այս անգամ էլ ձեզ հետ չկարողացանք պայմանավորվել»: Թերթն այնուհետեւ անդրադառնում է Նելսոն Լեդսկիի անձին եւ ասում, որ նա Ուկրաինայում, Վրաստանում եւ Ղրղզստանում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունների գլխավոր նախագծողներից է»:

Բայց ամենաուշագրավն այն է, որ, թերթի վկայությամբ, Վաշինգտոնում գտնված օրերին Էլչիբեյը որեւէ կապ չի ունեցել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան հետ: Դեսպանն ասել է, թե ինքը տեղյակ չէ, որ Էլչիբեյը գտնվում է Վաշինգտոնում: «Եվ դա այն դեպքում,- զարմանում է «Մուսավաթ»-ի պաշտոնաթերթը,- որ Էլչիբեյն ԱՄՆ էր մեկնել Թուրքիայից»: Ինչ վերաբերում է Էլչիբեյի հիվանդությանը, ապա նրա ուղեկիցներից Միրմահմուդ Միրալիօղլուն վկայել է, որ ներկա է գտնվել հետազոտություններին, ինքն Էլչիբեյին խորհուրդ է տվել «բժիշկներին չհավատալ»: Նրա ասելով, իրենք մի քանի հետազոտության արդյունքներ ուղարկել են ԱՄՆ, որտեղից ստացվել է հուսադրող պատասխան: «Պարզ էր դարձել, որ Էլչիբեյն այդ հիվանդությամբ կարող է նվազագույնը յոթ տարի ապրել: Դա (հավանաբար` գոյացությունը- Վ. Ա.) պետք է «բլոկադայի» ենթարկվեր, եւ վերջ»:
Այնուհետեւ թերթը հիշեցնում է, որ հարցազրույցներից մեկի ժամանակ Հեյդար Ալիեւն ասել է, որ Էլչիբեյի հիվանդության մասին իրեն «ամեն ինչ հայտնի է», եւ անմիջապես էլ ավելացնում, որ այսօր Թուրքիայում քննության թեմա է դարձել նախկին վարչապետ Էջեւիթին «բժիշկների ձեռքով կյանքից զրկելը», եւ ավելացնում, որ Էլչիբեյը նույնպես թուրքական կլինիկայում է մահացել: «Նրա մահը մեկ կազմակերպության (նկատի ունի ԱԺՃ-ն- Վ. Ա.) տրոհում, հազարավոր մարդկանց կյանքի փլուզում չէր միայն, այլեւ մի ժողովրդի ճշմարիտ ճանապարհից շեղել»,- եզրափակում է «Ենի մուսավաթ»-ի մեկնաբանը:

Այս ամենը կարելի՞ է ակնարկ համարել, որ Էլչիբեյն իր բնական մահով չի մահացել: Թերեւս: Մյուս կողմից էլ, սակայն, նույն օրերին ադրբեջանական որոշ աղբյուրներ Էլչիբեյին ներկայացրել են որպես «ՊԱԿ-ի գործակալի, որին հավաքագրել է անձամբ Հեյդար Ալիեւը»: Ըստ երեւույթին, քաղաքական այդ երկու գործիչներն ընդհանուր ինչ-որ բան ունեցել են, բայց դա չի նշանակում, թե Հեհդար Ալիեւը կխնայեր նրան, եթե բանը հասներ իշխանություն պահելուն:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: