Tuesday, August 9, 2011

ԱՄՆ զինված ուժերը պատրաստակամություն են հայտնել տեղակայվել Իրանի և Իրաքի Քուրդիստանի սահմանում

Panorama.am. 9-8-2011- «Եթե որևէ խնդիր գոյություն ունի, ապա Իրանը կարող է Իրաքի կառավարության հետ բանակցել, բայց, եթե Իրաքի կառավարությունը ցանկություն հայտնի, որպեսզի իրանա-իրաքյան սահմանային անկայուն շրջաններում տեղակայվեն ամերիկյան զորքերը, ապա ԱՄՆ-ն պատրաստ է դա իրականացնել»:
Այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է ԱՄՆ ԶՈւ խոսնակը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և քրդական «Փեժակ» խմբավորման միջև Իրաքի Քուրդիստանի և Իրանի սահմանային շրջաններում տեղի են ունենում զինված բախումներ: Իրանական կողմը պնդում է, որ Իրաքի Քուրդիստանի տարածքից Իրանի դեմ ահաբեկչական գործողություններ են իրականացվում: Հուլիսի 29-ին քրդական «Փեժակ» խմբավորման կողմից պայթեցվել էր Իրանից Թուրքիա արտահանվող բնական գազի խողովակաշարը:
Նշենք, որ վերջերս ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարներից մեկը հայտարարել էր. «Իրանա-իրաքյան սահմանին քրդական «Փեժակ» խմբավորման դեմ ԻՀՊԿ իրականացրած պատժիչ գործողություններն այնքան ժամանակ կշարունակվեն, քանի դեռ իրանա-իրաքյան սահմանին չեն տեղակայվել Իրաքի կենտրոնական կառավարության զինված ուժերը: Իրանի և Իրաքի Քուրդիստանի իշխանությունները պետք է իրենց սահմանապահ ուժերը տեղակայեն իրանա-իրաքյան սահմանին և ստանձնեն ընդհանուր սահմանի անվտանգության ապահովման պատասխանատվությունը»:
Ըստ ԻՀՊԿ տրամադրած տեղեկատվության` զինված բախումների արդյունքում քրդական «Փեժակ» խմբավորման մոտ 50 անդամ է սպանվել, ավելի քան 100 հոգի էլ վիրավորվել և գերի է ընկել:

No comments: