Tuesday, August 9, 2011

Իսրայելցի նախարար. Մենք կարող ենք առանց թուրք դեսպանի էլ յոլա գնալ

News.am. 9-8-2011- Իսրայելում 8 նախարարներից բաղկացած հատուկ հանձնաժողովը, որ հավաքվել է անցած հանգստյան օրերին՝ քննարկելու Իսրայելի եւ Թուրքիայի լարված հարաբերությունները, նաեւ Անկարայի պահանջները՝ ներողություն խնդրելու Mavi Marmara նավի զավթման համար, եզրահանգման չի հանգել: Նիստի արդյունքներով, որեւէ որոշում չի կայացվել, հաղորդում է MIGnews.com-ը:
Հանձնաժողովի անդամները եւս մեկ անգամ կհավաքվեն առաջիկա օրերին:
Նիստին մասնակցում են պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, հետախուզության նախարար Դան Մերիդորը, որոնք համոզված են, որ Երուսաղեմը պետք է ներողություն խնդրի` հանուն Անկարայի հետ ապագա լավ հարաբերությունների: Սակայն արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, ռազմավարական հարցերով նախարար Մոշե Յաալոնն ու առանց պորտֆելի նախարար Բենի Բեգինը կտրուկ դեմ են դրան:
Որպես հիմնավորում Յաալոնն ասել է. «Թուրքիայի վարչապետը ցանկանում է միայն նվաստացնել Իսրայելին: Էրդողանը չի երաշխավորում, որ եթե մենք ներողություն խնդրենք, հարաբերությունները կբարելավվեն: Առավելագույնը կլինի այն, որ կվերադարձնի դեսպանին: Մենք առանց նրա էլ յոլա կգնանք»,- ասել է նա:

No comments: