Tuesday, November 22, 2011

Արդար ընտրություններից է կախված Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումը. Գերմանիայի դեսպան

Ներքաղաքական վերջին անցուդարձերի, ՀԱԿ-ի`Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների մասնակցության և առաջիկա ընտրությունների մասին HayNews.am-ը զրուցեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտի հետ:
Վերջին շրջանում դուք ակտիվորեն մասնակցում եք Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, մասնավորապես ՀԱԿ-ի հանրահավաքներին: Դա պայմանավորվա՞ծ է Ձեր քաղաքական կողմնորոշմամբ:
-Ես ընդամենը հետևում եմ Հայաստանի քաղաքական զարգացումներին, թե՛ իշխանական ուժերի, թե՛ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությանը: Բայց դա ոչ մի կապ չունի իմ քաղաքական հայացքների հետ: Ես ընդամենը օգտվում եմ տեղեկացված լինելու իմ իրավունքից և փորձում եմ վերլուծել ստեղծված իրավիճակը: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հանրահավաքներին, ապա, իմ կարծիքով, քաղաքակիրթ աշխարհում կարող ես չլինել տվյալ կուսակցության անդամ, բայց հետևել նրանց գործունեությանը:
Անընդհատ խոսվում է Հայաստանում առաջիկա ընտրություններում արդարության և թափանցիկության ապահովման մասին: Հավատու՞մ եք, որ այդպես կլինի:
- Հավատում եմ նախագահի տված խոսքին, մյուս կողմից էլ ընտրությունները մոնիթորինգի են ենթարկվելու: Նախագահն էլ գիտակցում է, որ դա ժողովրդի վստահությանն արժանանալու լավագույն տարբերակն է: Դեսպանը գուցե պիտի ներքաշված չլինի քաղաքական գործընթացների մեջ, բայց ես ուզում եմ կարևորել այն հանգամանքը, որ ազատ ընտրությունների ապահովումը ոչ միայն Հայաստանի ներքին կյանքին է վերաբերում, այլև արտաքին հարաբերությունների զարգացմանը:
Լիլիթ Պետրոսյան

No comments: