Tuesday, November 22, 2011

Ո՞վ է իշխում Փարիզում

NEWS.am-ը ներկայացնում է Ժան Էքյանի հոդվածը` հրապարակված Nouvelles d`Arménie-ում:

Ո՞ւմ կարող են ֆրանսահայերը վստահել քաղաքական դաշտում: Այս հարցին պատասխանելը չափազանց բարդ է դառնում:
Բոլորը գիտեն, որ նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին 2007-ի ընտրություններում երդվել էր վերջ դնել ցեղասպանության հերքմանը` պաշտպանելով Հայոց ցեղասպանության ուրացման քրեականացման մասին օրենքի գաղափարը: Wikileaks-ի 2010-ի գաղտնազերծումների շնորհիվ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Սարկոզին հատուկ խորհրդական Լեւիտի միջոցով շտապել էր ճիշտ հակառակն ասել Անկարային: Սա ապտակ էր այն ֆրանսահայերին, որոնք վստահել էին Սարկոզիին: Այս անգամ ոսկորը մնացել է նրանց կոկորդում:
Այնուհետեւ տեղի ունեցավ 2011թ. մայիսի 4-ի դրվագը Սենատում: Մենք նախապես գիտեինք, որ «Ժողովրդական շարժման միության» խումբը, բացառությամբ մի քանի իսկական ընկերների, պատվեր էր ստացել Հայոց ցեղասպանության ուրացման քրեականացման օրենքն այս տեսքով չընդունելու վերաբերյալ: Այդ ամենը տեղի էր ունենում Անկարայի անհավանական ու անտանելի ճնշման տակ: Նույնիսկ, Ազնավուրը միջամտեց եւ բարձրագույն իշխանությունից հավաստիացում ստացավ, որ ոչինչ չի արվի «ազատ քվեարկությանը» միջամտելու համար: Ինչքան միամիտ ենք մենք: Հավանաբար, հենց այդ օրերին նախապատրաստվեց Սարկոզիի երեւանյան այցելությունը, որը պետք է մխիթարեր հիասթափվածներին: Հոկտեմբերի 6-ին նա Երեւանում հայտարարեց. «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը» եւ, հատկապես, «մինչեւ ժամկետի ավարտը»:

Սակայն նույն հատուկ խորհրդականն անմիջապես հայտարարեց, որ նախագահին «ճիշտ չեն հասկացել»...

Երջանիկ դեմքեր Երեւանում ու Ֆրանսիայում եւ Անկարայի գոռոզ կեցվածքը: Պատմությունը երբեք չի փոխվի, եթե ֆրանսիական դիվանագիտությունն այժմ էլ Ալեն Ժյուպեի գլխավորությամբ ենթարկվի ֆրանսիական քաղաքականությունը կառավարելու հավակնություն եւ պատմական փաստերը խաղեթյուրելու ձգտում ունեցող երկրի ժխտողական ցանկություններին: Սա իսկական մղձավանջ է:

No comments: