Tuesday, November 22, 2011

Այլևս Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ բանակցելու ոչ մի իմաստ չենք տեսնում. Լևոն Զուրաբյան

Tert.am. 22-11-2011- Մեր ամբողջ գործունեությունը նպատակաուղղված է ավազակապետությունից ազատվելուն, որ իշխանությունը վերադարձվի ժողովրդին։ Այս մասին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը Հ1 հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ։
«Մեր քաղաքականության հիմնաքարը լեգիտիմ իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է. դրա համար մեզ համար առաջնայինը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Այս տարվա մարտին մենք շատ մեծ հանրահավաքներ անցկացրինք և կարողացանք իշխանություններին պարտադրել մի քանի պահանջներ՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակի վերադարձը և ստիպեցիք իշխանությանը, որ նստի սեղանի շուրջ և քննարկի արտահերթ ընտրությունների խնդիրը։ Ամբողջ աշխարհում բանակցելն ամենագերադասելի տարբերակն է ժողովրդավարության անցման համար»,- ասաց Զուրաբյանը։
Որպես բանակցությունների միջոցով հեղաշրջման ընդունելի օրինակ՝ նա հիշեցրեց Չիլիի բռնապետ Պինոչետին, որ չորս հազար մարդ էր սպանել, ստեղծել էր մի օլիգարխիկ միջավայր, սակայն հանձնեց իր իշխանությունը։
«Տիգրան Առաքելյանին ձերբակալել են երկխոսությունը վիժեցնելու նպատակով, և իշխանությունների այս գործողությունները ցույց տվեցին, որ իրենք քաղաքակիրթ տարբերակի պատրաստ չեն,- ասաց Զուրաբյանը,- երկխոսության թեման արդեն փակ է, մենք այլևս Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ բանակցելու ոչ մի իմաստ չենք տեսնում, և մեզ մնում է միայն համաժողովրդական ճնշմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»։

«Նոյեմբերի 25-ին տեղի է ունենալու մեր հանրահավաքը. այդ հանրահավաքում կընդունվի Սերժ Սարգսյանի հեռացման իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիրը»,- ասաց նա՝ նշելով, որ դրանից հետո ՀԱԿ-ն աշխատելու է ժողովրդի ճնշմամբ անկառավարելի դարձնել իրավիճակը և պարտադրել Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, իսկ զուգահեռաբար պարտադրվելու է ԱԺ-ին այս խնդիրը ներառել օրակարգում։

«Եթե դա չհաջողվի, ապա հերթական ընտրությունները դառնալու են հանրաքվե Սերժ Սարգսյանի նկատմամբ անվստահություն հայտնելու համար։ Այսինքն՝ մեր ծրագրի մեխը դառնում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը»,- ասաց նա՝ հավաստելով, որ առաջիկա ընտրություններին նաև իրենց աշխատանքի շնորհիվ միջազգային հանրությունն ավելի ուշադիր է լինելու, և ճնշումներն՝ ավելի մեծ։

Զուրաբյանը նշեց, որ պատրաստվելով ընտրություններին՝ իրենք դեռ չեն քննարկել, թե ով է գլխավորելու Կոնգրեսի ցուցակը, թեպետ «կարծում եմ, որ ամենաբնականը կլինի, որ ցուցակը գլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը»։

Նշենք, որ «Հարցազրույց»-ն ընթացավ բանավեճի և միմյանց դաստիարակելու անթաքույց հակամարտության մթնոլորտում։

No comments: