Tuesday, November 22, 2011

Աբդուլլահ Գյուլ. Տարածաշրջանում մենք գաղտնի օրակարգ չունենք

Panorama.am. 22-11-2011- Պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ըստ թուրքական «Anka» լրատվական գործակալության, «BBC»-ին տված հարցազրույցում, գլխավորապես անդրադարձել է սիրիական խնդրին: Նշելով տարածաշրջանում խաղաղ, ուժեղ և կայուն Սիրիա տեսնելու Անկարայի ցանկության մասին` Գյուլն ասել է. «Սիրիան մեզ հարևան է և պատմականորեն կապված ենք, բայց մի բան, այնուամենայնիվ, հստակ է. այս դարաշրջանում ավտորիտար վարչակարգերը և միակուսակցական միահեծան իշխանություններն այլևս ընդունելի չեն նախ այդ երկրի բնակիչների, ապա նաև տարածաշրջանի և աշխարհի համար: Հետևաբար բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա: Սիրիային փոփոխություններ են հարկավոր»:
Այն հարցին, թե արդյոք Թուրքիայի նախագահը ևս մտածում է, որ Սիրիայի նախագահը պետք է հրաժարական տա, Գյուլը պատասխանել է, որ խնդիրը մեկ անձը` երկրի ղեկավարը չէ, այլ ընդհանուր վարչակազմի ու համակարգային փոփոխության կարիք կա: Թուրքիայի նախագահին խնդրել են նաև անդրադառնալ շրջանառվող այն մեկնաբանություններին, ըստ որոնց, Թուրքիան վերականգնելու է օսմանյան շրջանի իր հզորությունը և դառնալու է տարածաշրջանի կենտրոնը: Ի պատասխան Գյուլը նշել է. «Մենք, իհարկե, հպարտանում ենք մեր պատմությամբ, բայց միևնույն ժամանակ շատ իրատես ենք: Տարածաշրջանում գաղտնի օրակարգ չունենք»:

No comments: