Wednesday, December 7, 2011

Սամվել Նիկոյանն ընտրվեց ԱԺ նախագահ

Սամվել Նիկոյանն այսօր կայացած ԱԺ նախագահի ընրությունների արդյունքում ընտրվել է ԱԺ նախագահ, հաղորդում է TERT.am-ը: ԱԺ նախագահի ընտրության ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն, ամփոփելով արդյունքներն ասել է, որ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, որոնցից 4-ը քվեարկել է Լարիսա Ալավերդյանի օգտին, իսկ 102 -ը` Սամվել Նիկոյանի օգտին:
Նախագահ ընտրվելուց հետո Սամվել Նիկոյանն իր շնորհակալական խոսքն է ուղղել բոլորին, հատկապես «Ժառանգություն» կուսակցությանը, որն առաջադրել էր թեկնածու եւ որի արդյունքում ծավալվել էր առողջ քննարկում:
«Գիտակցում եմ, որ այս պաշտոնը մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն ինձ համար, կաշխատեմ կյանքի կոչել ԱԺ աշխատանքների վերաբերյալ իմ տեսլականը»,- ասել է Սամվել Նիկոյանը` ելույթից հետո առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով ու ծաղիկներ հանձնելով Լարիսա Ալավերդյանին:

ԱԺ լրատվական ծառայությունը տարածել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կենսագրականը, որը ներկայացնում ենք ստորեւ.
Սամվել Պարգեւի Նիկոյանը ծնվել է 1958թ. փետրվարի 13-ին Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում (այժմ` Շիրակի մարզում):

1982. ավարտել է ներկայիս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` Ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ: 1987թ.` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը:
1982-1990թթ. աշխատել է Երեւանի հիդրոապարատների գործարանում ինժեներ-կոնստրուկտոր, ավագ ինժեներ, բաժնի պետ, արտադրության պետի տեղակալ, արտադրամասի պետ:
1995թ.` Երեւանի փորձարարական-մեքենաշինական գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ:
1995-1998թթ.` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի կազմակերպչական բաժնի վարիչ:
1998-2001թթ.` «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն:
2001-2003թթ.` ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2008 թվականից Միջխորհրդարանական միության հայաստանյան պատվիրակության նախագահն է:
2009թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ եւ առաքմամբ: ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացիալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, հետագայում` ՀՀԿ անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:
2005թ.-ին Հայկական բանակի կայացման եւ ամրապնդման գործում զգալի ավանդ ունենալու համար պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով, իսկ 2006թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալով:
2011թ. դեկտեմբերի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

No comments: