Wednesday, January 11, 2012

ABC News–ը ենթարկվեց ադրբեջանական սադրանքին. Լեռնային Ղարաբաղը հանվել է 7 ինքնատիպ վայրերի ցանկից

Tert.am. 11-1-2012- Ամերիկյան հեղինակավոր ABC News հեռուստաալիքի կայքը 2012թ. այցելության համար 7 ինքնատիպ վայրերի ցանկից հանել է Լեռնային Ղարաբաղի անունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կիրակի ABC News–ը հրապարակել էր 2012թ. այցելության համար 7 ինքնատիպ վայրերի ցանկը, որում Չիլիում գտնվող Ատակամա անապատի, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի, Նիդեռլանդներում գտնվող Վենլո քաղաքի, Լաոսի հյուսիսում գտնվող Լուանգ Պրաբանգ քաղաքի, Թայլանդի Ռեյլեյ լողափի, Ավստրալիայի Ուիթսանդի կղզիների կողքին հիշատկել էր նաև Լեռնային Ղարաբաղի անունը։ Հոդվածի հրապարակումից հետո Ադրբեջանի ԱԳՆ–ն ԱՄՆ–ում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցչությանը հրահանգել էր պարզել, թե արդյոք ճիշտ է վերոնշյալ տեղեկությունը, և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել։ Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ–ում հրատարակվող Asbarez պարբերականից, ABC News–ը, ցանկից հանելով Լեռնային Ղարաբաղի անունը, այն վերանվանել է «2012թ. այցելության համար 6 ինքնատիպ վայրեր»։ Asbarez–ը գրում է, որ հեռուստալիքն այդ քայլին դիմել է ադրբեջաանական կողմի ճնշման ներքո։ Նշենք, որ ցանկում ԼՂ–ին վերաբերող հատվածում, մասնավորապես, նշվում էր. «Բոլոր նրանց համար, ովքեր արկածներ են փնտրում, Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող Լեռնային Ղարաբաղը հենց այդ վայրն է»։ «Արշավների գնացեք ձնածածկ լեռների ու կարմիր և դեղին ծաղիկներով ծածկված դաշտերի միջով։ Ճաշին վայելեք խորոված միսն ու բանջարեղենը։ Եվ եթե դուք հյուրընկալվեք տեղի բնակիչների տանը, մի զարմացեք, եթե նախաճաշին ձեզ թթի օղի առաջարկեն»,–ասված էր նյութում։ ABC News–ն այնուհետ զբոսաշրջիկներին խորհուրդ էր տալիս Գանձասարի վանք այցելել։ «Չմոռանաք Գանձասարի վանք այցելել, որի անունը թարգմանաբար նշանակում է «գանձերի սար»: Այն կառուցվել է 10-րդ դարում։ Այցելեք այն գիշերը, որպեսզի տեսնեք խավարի մեջ լուսավորված վանքը»,–գել էր ABC News–ը։

No comments: