Friday, January 27, 2012

Ինչ է ուզում ԱՄՆ Տեր-Պետրոսյանից

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի հայաստանյան այցի մասին Հայ ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ, առկա է հետաքրքրական մի ձեւակերպում՝ «զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը` այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում»: «Այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստի» մասին հիշատակումը թերեւս նշանակում է, որ հայ-թուրքական հաշտեցման եւ Ղարաբաղի կարգավորման գործընթացները քննարկվել են որոշակի նոր երանգներով, նոր լույսի ներքո, այլապես ինչի համար էր այդ համատեքստի հիշատակումը: Միթե այդ հարցերը կողմերը պետք է քննարկեին ասենք տասը տարի առաջվա, կամ հինգ տարի առաջվա համատեքստում: Հազիվ թե, Տեր-Պետրոսյանը եւ Ռուբինը լուրջ մարդիկ են, ժամանակավրեպ ելակետերի վրա քննարկում կառուցելու համար: Հետեւաբար, ինչու շեշտել, թե աշխարհաքաղաքական որ ժամանակի համատեքստում է տեղի ունեցել քննարկումը: Դա էլ հենց հիմք է տալիս ենթադրել, որ խոսք է գնում որոշակի նոր մոտեցումների մասին: Այսինքն, Տեր-Պետրոսյանն ու ԱՄՆ փոխպետքարտուղարը թերեւս խոսել են հայ-թուրքական հաշտեցման եւ Ղարաբաղի գործընթացի վերաբերյալ նոր մոտեցումների, նոր դիրքորոշումների մասին: Հետաքրքրական է, ԱՄՆ-ն է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդին առաջարկում որոշակի նոր մոտեցումներ կիրառել եւ շեղվել 1997 թվականի դիրքորոշման վրա կանգնելու անխախտ ընթացքից, թե Կոնգրեսի առաջնորդն ինքն է ի վերջո հանգում այն եզրակացության, որ ժամանակը թերեւս փոխվում է, փոփոխվում են արտաքին ու ներքին շատ կարեւոր իրողություններ, եւ թերեւս աննպատակահարմար է հայ-թուրքական հարցի եւ Ղարաբաղի խնդրի պարագայում մնալ մեկուկես տասնամյակի վաղեմության դիրքում: Այդ տեսակետից, հետաքրքրական է նաեւ, թե դրանում ինչ դեր է խաղացել Վիկիլիքսի արտահոսքերի փաթեթը, որ հրապարակվեց 2011 թվականի սեպտեմբերին: Եւ մասնավորապես այն դրվագը, որում դեսպան Յովանովիչը Պետդեպին գրում է, թե ինչպես է Տեր-Պետրոսյանը 2008 թվականի հոկտեմբերի 17-ի հանրահավաքում հայտարարել Սերժ Սարգսյանի վրա Ղարաբաղի հարցում ԱՄՆ ճնշումների եւ դրանից Սարգսյանին զերծ պահելու համար հանրահավաքները դադարեցնելու մասին, իսկ մի քանի օր անց իր հետ առանձնազրույցի ընթացքում հորդորել է ԱՄՆ-ին օգտվել ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակից եւ Սերժ Սարգսյանի վրա ճնշում բանեցնելով իրագործել համաձայնագրի ստորագրումը Ղարաբաղի հարցում: Սովորաբար, Ղարաբաղի հակամարտության գործընթացում նկատվում է կարծես թե մի հետաքրքրական պրակտիկա՝ բացահայտումներով էջեր փակելու պրակտիկա, երբ ասենք կարգավորման մի ինչ որ տարբերակ է «արտահոսքով» բացահայտվում, ինչը նախանշում է այդ տարբերակի պատմություն դառնալու փաստը, իսկ կարգավորման մեջ նոր իրողություն է ի հայտ գալիս: Միգուցե, տվյալ պարագայում, նույն ոճը փորձ է արվում կիրառել մոտեցումների մասով, երբ բացահայտվում է Տեր-Պետրոսյանի մոտեցումների խաղարկման մի դրվագ, դրանք վերջնականապես սպառելու եւ պատմություն դարձնելու համար, նոր ժամանակի վրա նոր մոտեցում կառուցելու հրամայականով: Այլ կերպ ասած, ԱՄՆ Հայ ազգային կոնգրեսին թերեւս ներկայացնում է հայ-թուրքական եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ մոտեցումներում «արդիականացվելու», այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տեղավորվելու առաջարկ-շանս: Ըստ երեւույթին, Արեւմուտքի համար բավական տհաճ է դարձել Հայաստանի քաղաքական դաշտում ռեգիոնալ առանցքային հարցերի շուրջ բազմազանության բավական ցածր մակարդակը, երբ մոտեցումների հիմնական եւ գրեթե միակ շարժառիթը իշխանության համար ներքին պայքարն է: Բազմազանության այդ ցածր մակարդակի եւ անկենսունակության խոսուն վկայությունն է օրինակ Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշման հանդեպ Հայաստանի քաղաքական եւ իշխանական դաշտի գերիներտ, կամ էլ առավելապես մանկամտությամբ եւ գավառամիտ պատանու հավակնոտ խեղճությամբ ներծծված արձագանքը: Հավանաբար առաջիկայում բավական դինամիկ աշխատանք է սպասվում Հայաստանի հասարակական-քաղաքական անապատացող միջավայրում: Չի բացառվում, որ խորհրդարանի ընտրական գործընթացի բավական բուռն ժամանակահատվածը Արեւմուտքը դիտարկում է որպես քաղաքական մտքի կենսաբազմազանության հարցում ազդեցություն գործելու մի շրջան, երբ Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրում գուցե կձեւավորվի եւ կգերիշխի աշխարհաքաղաքականության մեջ գործելու համոզմունք, փոխարինելով մինչ այժմ հաստատված գործածվելու համոզմունքին: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: