Wednesday, January 11, 2012

Իրանի հարցում ՌԴ-ին ՀՀ կամ Ադրբեջանի դաշնակցությունն այնքան էլ անհրաժեշտ չէ. իրանագետ

1in.am. 10-1-2012- Իրանագետ Գոհար Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հունվարի վերջին Սոչիում կայանալիք հանդիպման ընթացքում հիմնական՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցից բացի, քննարկման առարկա կդառնա նաև ամերիկա-իրանական հարաբերությունների թեման: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում: «Երեք երկրների դիրքորոշումներն էլ Իրանի հարցում համընկնում են, որովհետև և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը կողմ են, որ տարածաշրջանում կայունություն լինի, Իրանի հարցը խաղաղ ճանապարհով լուծվի, և ոչ թե այդ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացվեն: Դա ձեռնտու չէ ոչ մեկին: Դա տարածաշրջանում քաոսային իրավիճակ կստեղծի»,- նկատեց Գոհար Իսկանդարյանը: Նրա խոսքով, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ոչ թե կակնարկի Իրանի հարցում իր անմիջական դաշնակիցը դառնալ, այլ պարզապես նրանց հետ կքննարկի խնդիրը և կփորձի հասկանալ Իրանի խնդրի առնչությամբ ունեցած տարածաշրջանային երկու երկրների դիրքորոշումները: «Ռուսաստանին Հայաստանի կամ Ադրբեջանի դաշնակցությունն այս հարցում այնքան էլ անհրաժեշտ չէ: Ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ձայնն ու ուժը Ռուսաստանին օգնություն չեն կարող ապահովել, դրա համար էլ Ռուսաստանը Սերժ Սարգսյանից և Իլհամ Ալիևից չի խնդրի կամ կոչ չի անի Իրանի հարցում իր դաշնակիցը դառնալ»,- ամփոփեց իրանագետը:

No comments: