Wednesday, January 11, 2012

Թուրքիայում անկումը շարունակվում է. Council on Foreign Relations

1in.am. 10-1-2012- Անցած տարվա ընթացքում Թուրքիան հաճախ ժողովրդավարական երկրի մոդել է հանդիսացել արաբական երկրների համար, որտեղ իշխում են բռնապետները: Սակայն, ինչպես գրում է Council on Foreign Relations-ը, խնդիրն այն է, որ ամեն ամիս Թուրքիան ավելի քիչ է համապատասխանում հենց այդ նույն ժողովրդավարական մոդելին: Նախևառաջ այնտեղ նվազում է մամուլի ազատությունը: Ինչպես հայտնել է The Economist-ը, «Թուրքիան վտանգավոր վայր է լրագրող լինելու համար»: «Լրագրողներ առանց սահմանների»–ի ինդեքսում Թուրքիան 178 երկրներից 138-րդն է` մեկ տեղով բարձր լինելով Ռուսաստանից: Այնուհետև այս շաբաթ Թուրքիայի կառավարությունը, կամ առավել ճիշտ է ասել՝ «Էրդողանի իշխանությունը» որոշեց դատական կարգով հետապնդել երկրի միակ հզոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդին: Հիշեցնենք, որ Քեմալ Քըլըրչդարօղլին նախորդ տարվա նոյեմբերի 10-ին ացելել էր Սիլիվրիի բանտ և հանդիպել էր Մուսթաֆա Բալբայի և Մեհմեդ Հաբերալի հետ, ովքեր այնտեղ են գտնվում նվազագույնը 1000 օրով: Քըլըրչդարօղլին նրանց բանտարկությունն անարդար էր համարել: Եվ այժմ դատախազները փորձում են դատել նրան «արդար դատավարության վրա ազդել փորձելու և հանրային պաշտոնյային վիրավորելու համար»: Թուրքիայում ազատությունը վտանգված է, և բոլորի կողմից սիրված Էրդողանը թվում է, թե ցանկանում է ընդօրինակել Օսմանյան գործելաոճը մարդու իրավունքների վերաբերյալ: Հաճախ մեջբերում են Էրդողանի հետևյալ խոսքերը. «Ժողովրդավարությունը մի գնացք է, որից կարելի է իջնել, երբ տեղ ես հասնում»: Միայն թուրքերն իրենք կարող են կանխել, որ նա իջնի այդ գնացքից և Թուրքիային էլ իր հետ տանի: CFR-ը գրում է, որ մենք պետք է ազնվորեն ասենք, թե ինչ է տեղի ունենում, և չվարվենք Թուրքիայի հետ այնպես, ինչպես կվարվեինք ամբողջապես ժողովրդավար երկրի հետ, այլ պետք է վարվենք այնպես, ինչպես կվարվեինք մի երկրի հետ, որի կառավարությունը փորձում է վերացնել իր բնակչության ազատությունը: Սա արաբական երկրների համար թույլ մոդել է:

No comments: