Saturday, February 18, 2012

Ցեղասպանություն եղել է. 301-րդ հոդվածով հետապնդվող թուրք գրող

HayNews.am . 17-2-2012- Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը հայտնի է ոչ միայն այդ երկրի ներսում, այլ նաև սահմաններից շատ հեռու: Թուրքականությանը, թուրք ժողովրդին վիրավորելը, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության փաստի մասին խոսելը ենթակա է քրեական պատժի Թուրքիայում: Թուրքական «Ռադիքալ» պարբերականը հարցազրույց է ունեցել գրող Թեմել Դեմիրերի հետ, ում արդեն 5 տարի է, ինչ հետապնդում են վերոհիշյալ հոդվածով: Դեմիրերը դեռ 5 տարի առաջ հրապարակայնորեն հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունն իրականում եղել է: Սա առիթ էր դարձել, որպեսզի գրողի դեմ քրեական գործ հարուցվեր: Ու չնայած 2008 թվականին 301-րդ հոդվածը որոշակի փոփոխությունների էր ենթարկվել, ինչի արդյունքում մեծ թվով գործեր կարճվել էին, սակայն Դեմիրերի դեպքում ամեն ինչ մնացել էր նույնը: «Ռադիքալի» հետ զրույցում Դեմիրերը քննադատության է ենթարկել Թուրքիային, ինչպես նաև վերահաստատել իր խոսքերը Հայոց ցեղասպանության իրողության մասին: «Այս երկրում եթե ասես «կատաղած հայ, արաբ կամ քուրդ», ապա ոչինչ չի լինի: Իսկ եթե ասես կատաղած թուրք, ապա կկանգնես դատարանի առաջ»,-նշել է թուրք գրողը և շարունակել. «Հրանտ Դինքին սպանեցին ոչ միայն նրա համար, որ նա հայ էր, այլ որովհետև բարձրաձայնել էր Հայոց ցեղասպանության մասին, որն իրոք եղել է…: Մեր պետությունում գաղափարախոսությունն այսպիսին է` Ցեղասպանություն չի եղել: Եթե դեմ ես դուրս գալիս պետական թեզին, ապա միանշնական հանցագործ ես: Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է, իրավահաջորդը: Ւսկ օսմանցիներն իրականացրել են հայերի ցեղասպանությունը: Սա ցույց են տալիս պատմական փաստերը»,-նշել է Դեմիրերը: Անդրադառնալով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքին, որով քրեական պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանության ժխտման համար, թուրք գրողը նշել է, որ ինքը սխալ է համարում, որ օրենքը տարածվում է նաև գիտական շրջանակների վրա և դժվարացնում այդ թեմայով ակադեմիական քննարկումները:

No comments: