Panorama.am. 17-2-2012- Սահմանային անվտանգության ապահովման խնդիրները մշտապես գտնվում են Հանրապետության Նախագահի և Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում, և սահմանային անվտանգության ապահովման ռազմավարության հաստատումից հետո մենք այս ոլորտում ունենք բավականին դրական զարգացումներ: Այդ մասին այսօր ՀՀ սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ տեղի ունեցած նիստում հայտարարել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի` Հայաստան կատարած այցի ժամանակ Բաղդասարյանի խոսքով, լուրջ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանի արդիականացման և տեխնիկական վերազինման և մի շարք այլ կարևոր միջոցառումներ իրականացնելու առնչությամբ:
«Մենք բավականին արդյունավետորեն համագործակցում ենք նաև Եվրոպական միության հետ Հայաստան-Վրաստան պետական սահմանի արդիականացման ուղղությամբ: Մեր աշխատանքները մտել են վճռորոշ փուլ, և մենք շուտով լավ արդյունքներ կգրանցենք` Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հատվածներում ունենալով միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային ենթակառուցվածքներ: Այս զարգացումները թույլ են տալիս մեզ պնդելու, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկանյքով իրականացվող միջոցառումներն էլ ավելի կբարձրացնեն ու կամրապնդեն մեր սահմանային անվտանգությունը», -տեղեկացրել է ԱԱԽ քարտուղարը:
Այս պահին, Բաղդասարյանի տեղեկացմամբ, ընթանում է շինարարական կազմակերպությունների ընտրության մրցույթի վերջնական փուլը: Ներկայումս բանակցություններ են ընթանում «Եվրոպական հարևանության ներդրումային գործիք» հիմնադրամի և միջազգային մի շարք դոնոր կազմակերպությունների հետ` մոտ 17 մլն եվրո դրամաշնորհի ստացման ուղղությամբ:
ԱԱԽ քարտուղարը հավելել է նաև, որ ԱԱԽ աշխատակազմի կողմից շարունակվում են սահմանային անվտանգության ապահովման և ամրապնդման հարցերով բանակցությունները ԵՄ համապատասխան կառույցների հետ` մեթոդական և տեխնիկական աջակցության հարցերով, իսկ ԵՄ արտաքին սահմանների կառավարման գործակալության` FRONTEX-ի հետ նախատեսվում է ս.թ. փետրվարի 22-ին ստորագրել համագործակցության համաձայնագիր, որով ակնկալվում է ոչ միայն փորձի փոխանակում, մասնագիտացված կադրերի նախապատրաստում և մասնակցություն համատեղ օպերացիաներին, այլև` նյութատեխնիկական օժանդակություն:
Saturday, February 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment