Saturday, February 18, 2012

Հ. Դեմոյան. Խոջալուի մասին խոսելով` ադրբեջանցիները փորձում են բացառել Մութալիբովի վերադարձը քաղաքական դաշտ

Panorama.am. 18-2-2012- «Ադրբեջանական իշխանությունները տարբեր տարիներին տարբեր թվեր էին ներկայացնում, թե քանի ադրբեջանցի է սպանվել հայերի կողմից իրականացված Խոջալուի «ցեղասպանության» ժամանակ: Սկզբում ներկայացնում էին 1234 ինքնությունը հաստատած զոհված, այնուհետև` կանգնեցին 399-ի վրա: Սա անլուրջ է` նախ սեփական ժողովրդի նկատմամբ, նաև պարզ քաղաքական մանիպուլիացիա է»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ո՞ւմ է պետք այս մանիպուլիացիան: Ըստ Հ. Դեմոյանի, առաջին հերթին պետք է ոչ թե ադրբեջանական ժողովրդին, այլ գործող ռեժիմին, որովհետև Խոջալուով գործող ռեժիմը փորձում է բացառել քաղաքական ընդդիմության վերադարձը Ադրբեջան: «Այս մանիպուլիացիան ուղղված է հայերի դեմ` միջազգային հանրության շրջանում հակահայ տրամադրություններ առաջացնելու համար, նաև ուղղված է Այազ Մութալիբովի (Ադրբեջանի առաջին նախագահը) դեմ, ով անցնում է այս քրեական գործով, ում Ալիևները մեղադրում են, որ չիրագործեց տարհանման աշխատանքը: Այսինքն, փորձում են բացառել Մութալիբովի վերադարձը քաղաքական դաշտ ու պայքար»,- ասաց բանախոսը: Հիշեցնենք, որ ադրբեջանցիները 1996 թվականից են սկսել բարձրաձայնել Խոջալուի դեպքերի մասին, իսկ 1998 թվականի մարտի 31-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հրամանագիր է ստորագրում «ադրբեջանցիների ցեղասպանության» մասին: Ընդհանրապես, խոսելով հայերի կողմից ադրբեջանական նման «մանիպուլիացիաներին» հակազդող գործողությունների ձեռնարկմանը, նա ասաց, որ անելիքներ կան ու պետք է շատ աշխատել` «համադրելով» բոլորի աշխատանքը, ովքեր զբաղվում են նման խնդրով ու ճշգրտել ռազմավարությունը: «Բայց մենք տեսնելով հակառակորդի տանկը` կռվում ենք մեր մեջ` թե ով պետք է առաջինը խփի, մրցակցում ենք, թե ով պետք է առաջին «հերոսը» լինի ու բաց ենք թողնում ճիշտ պահը»,- ասաց Հայկ Դեմոյանը: Հիշեցնենք, որ վերջերս ԼՂՀ ԱԳՆ-ն տարածել էր հաղորդագրություն, որում նշվել էր, թե Խոջալուն» պաշտոնական Բաքվի շահարկումների քաղաքական կապիտալն է, ապա հավել. «Խոջալուի բնակիչները դարձել էին Բաքվի իշխանությունների կեղտոտ խաղերի պատանդները, որոնք այնուհետև այդ ողբերգությունը վերածեցին շահարկային քաղաքական կապիտալի: Խոջալուի բնակիչների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից կատարված դավաճանությունը պաշտոնական Բաքուն փորձում է ներկայացնել որպես հայերի վրեժխնդրություն` Սումգայիթում կազմակերպված արյունալի խրախճանքի համար: Ընդ որում, ամբողջ քարոզչությունն իրականացվում է վառ արտահայտված անվանարկումներով և հայերի դեմ ուղղված էթնիկ անզսպության և ատելության շիկացմամբ: «Խոջալու» խաղաքարտը կանոնավոր կերպով խաղարկելով` պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում և Ադրբեջանի /որի ողջ տարածքով մեկ փաստորեն բացեիբաց իրականացվում էր հայերի բնաջնջում/ այլ բնակավայրերում, ինչպես նաև ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես, Մարաղա գյուղում /ուր 1992թ. ապրիլին ներխուժած ադրբեջանական կանոնավոր բանակի ստորաբաժանումները գազանաբար հաշվեարդար տեսան մոտ 100 խաղաղ բնակիչների նկատմամբ/ կազմակերպված հայկական կոտորածներից: Ցավոք, համաշխարհային հանրության կողմից առ այսօր պատշաճ գնահատականի չեն արժանացել Ադրբեջանի կողմից կատարված այդ հանցագործությունները»:

No comments: