Tert.am. 25-2-2012- Եթե «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, կանչվել-հետ բերվելուց հետո 180 աստիճանով փոխվել է, ապա «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով այն շարունակում մնալ հակասահմանադրական: Դա այդպե՞ս է, թե ոչ վերջնականապես պարզ կլինի երկուշաբթի օրը առավոտյան, երբ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստը լիագումար նիստից առաջ կշարունակի ուրբաթ օրը հանձնաժողովի ընդհատված աշխատանքները և եզրակացություն կներկայացնի օրենքի նախագծին:
Հիշեցնենք, որ կառավարությունը լրամշակման նպատակով հետ էր կանչել, ապա մեկ օր չանցած այն կրկին ԱԺ էր ուղարկել նախորդ քառօրյայի ժամանակ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որը խորը քննադատության է արժանանում արտակարգ դրության պայմաններում ՝ բանակի ներգրավվածության հնարավորությունը թողնելու համար: Մամուլում արդեն իսկ այս փոփոխությունները որակվել են որպես «խմբագրական բնույթի», մինչդեռ Գալուստ Սահակյանը, հակառակը, պնդում է, որ դրանք 180 աստիճանով փոփոխություններ են:
«Մոտ քսան առաջարկ միայն մեր խմբակցությունն է արել և դրանք ընդունվել են»,-Tert.am–ի հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ ամենակարևոր փոփոխությունը վերաբերում է բանակին:
«Բանակը արտակարգ դրության, միտինգի հետ կապ չի ունենա, կմասնակցի միայն դրա հետևանքների վերացմանը, էն էլ՝ միայն հատուկ ստորաբաժանումը՝ ոստիկանության օրենքին համապատասխան վերապատրաստումից հետո, առանձին սցենարների դեպքում»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հարցին, թե «առանձին սցենար» հասկացությունը ներառո՞մ է, մարտիմեկյան հայտնի դեպքերին նման իրավիճակներ, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ոչ և ավելացրեց, որ կարող է գործել այն դեպքերում, երբ պետությանը սպառնացող վտանգ կա:
Ըստ Գալուստ Սահակյանի՝ նման սցենարները կարող են տարբեր լինել, օրինակ՝ այս պայմաններում գործող , նաև ՝ այլ պետություններից ներթափանցած զինված խմբավորումների, նրանց կողմից պետական նշանակության օբյեկտներին սպառնացող վտանգի դեպքում:
Նշենք, որ այս տարբերակում գրված է, որ եթե զինված խմբավորումների գործունեությունը հնարավոր չէ կանխել միայն ոստիկանության և ԱԱԾ ուժերի միջոցներով, ապա այս պարագայում զինված ուժերը կարող են ներգրավվել:
ՀՀԿ–ական պատգամավոր Կորյուն Նահապետյանն էլ մեզ հետ զրույցում այն կարծիքը հայտնեց, որ լրամշակված տարբերակում այս մասով որոշակի փոփոխություն կատարվել է, այսինքն՝ ամրագրվել են հիմքեր:
Նշելով նաև, որ օրենքի նախագիծն անցել է միջագային փորձաքննություն և Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ որևէ մտահոգություն արտահայտված չի եղել այս հարցի օրենսդրական կարգավորման կապակցությամբ, ՀՀԿ-ական պատգամավորը նաև ասաց, որ այլ երկրների սահմանադրական փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշակի բացառիկ դեպքերում, թույլատրելի է համարվում ԶՈւ ներգրավումը: Ըստ Կորյուն Նահապետյանի՝ այլ հարց է, որ կարող է քննարկվի, թե որքանով են այդ դեպքերը բացառիկ:
Հարցադրմանը, որ բանակը առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում արտակարգ ռեժիմի պայմաններում ներգրավվում էր որպես «բուն մասնակից», իսկ այժմ՝ որպես «հետևանքների մասնակից», «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն արձագանքեց հակիրճ՝ «Ճիշտ չեն ասում»:
Ինչ վերաբերում է մյուս վիճահարույց կետին՝ դրա հակասահմանադրականության վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության պնդումներին, ապա Ստեփան Սաֆարյանը կրկնեց. «Իրականում դրանք ոչ մի կերպ չեն փոխել օրենքի նախագծի հակասահմանադրական էությունը և լրամշակման տակ կառավարությունն ուղղակի պարտավոր էր նախագիծը համապատասխանեցնել Մայր օրենքի պահանջներին»:
Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» բարձրացնում էր նաև արտակարգ դրության պայմաններում ԱԺ –ի դերի խնդիրը: Մասնավորապես, ըստ «ժառանգության» պատգամավորի՝ օրենքն այնպես է գրված, որ խորհրդարանը կարող է չեղյալ ճանաչել որոշ գործողություններ միայն հետագայում: Մինչդեռ, ըստ Սաֆարյանի, Սահմանադրությունը պառլամենտին լիազորում է այդ դերը, որը կարող է իրացվել հատուկ նիստում, իսկ այս շարադրմամբ այդ հատուկ նիստը լրիվ կորցնում է իմաստը:
Sunday, February 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment