Saturday, February 18, 2012

Իտալական Թուրինի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի խոշոր եւ կարեւոր քաղաքներից մեկի` Թուրինի Քաղաքային Խորհուրդը, փետրվարի 6-ին, միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ Իտալիայում Հայաստանի դեսպանության աշխատանքի արդյունքում Իտալիայի խորհրդարանում գործող Բարեկամության խմբի պատգամավորների հետ մշակվել է «Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր» հայտարարելու օրինագիծը, որի տակ արդեն իսկ ստորագրել են Պատգամավորների Պալատի քաղաքական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները ե այն արդեն պատրաստ է ներկայացվելու Պատգամավորների Պալատի քննարկմանը: Կից ներկայացնում ենք Թուրինի Քաղաքային Խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ակտի եւ Իտալիայի Պատգամավորների Պալատում «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր» հայտարարելու օրինագծի պատճենները` հայերեն ոչ պաշտոնական թարգմանությամբ: Իտալական Թուրինի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որտեղ կոչ է անում Եվրախորհրդարանին գործել այնպես, որպեսզի, Եվրամիությանն անդամակցելու թեկնածու Թուրքիան ճանաչի եւ դատապարտի հայ ժողովրդի ցեղասպանությունը: «Առարկան` «Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրին քաղաքի կողմից»: ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՈՐ. - Associazione Solidale կամավորական ընկերությունը, որը տարածաշրջանում հանդես է գալիս բազմաթիվ նախաձեռնություններով եւ 2012թ. կիրականացնի տարբեր ծրագրեր` ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը, - քաղաքացիների կողմից կատարվածի վերաբերյալ առ այսօր սահմանափակ Իմացությունը, - հայերի պատմական տարածքները, որոնք մի ժամանակ տասն անգամ գերազանցում էին ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը, հազարամյակների ընթացքում վիճարկվել են տարբեր Կայսրությունների կողմից; - XIX դարի սկզբին, հայ ժողովուրդը բաժանված էր Ռուսական եւ Օսմանյան Կայսրությունների միջեւ, որոնք դեռ վաղ ժամանակներից պայքարում էին միմյանց դեմ: 1895թ. Օսմանյան Կայսրությունը հրամայում է 300.000 հայերի դատաստանը, իսկ 1909թ. նորաստեղծ «Երիտասարդ Թուրքերը» վերսկսում են օսմանյան մաքուր ռասսայի պատվիրանով կոտորածները; - 1914-1915թթ., Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ, “Միություն եւ Առաջնթաց” կուսակցության կենտրոնական կոմիտեն հայերին սիստեմատիկ կերպով բնաջնջման վերաբերյալ որոշում է կայացնում: Հայ ժողովուրդը ենթարկվում է բառիս բուն իմաստով ցեղասպանության` էթնիկ բնաջնջման առաջին ծրագիրը, որը երբեեւէ գիտականորեն ծրագրվել եւ մանրակրկիտ կերպով կազմակերպվել էր մի կառավարության կողմից եւ իրականացվել բանակի, ոստիկանության, դատական եւ գաղտնի ծառայությունների միջոցով; - այդ հանցագործ ծրագրի ողբերգական արդյունքը եղավ մեկ - մեկ ու կես միլիոն հայերի բնաջնջումը ամենավայրի միջոցներով; Օսմանյան Կայսրության տարածքում բնակվող հայերի երկու երրորդը տեղահան է արվում, մոտ 100.000 երեխաներ բռնի կերպով հանձնվում են թուրք եւ քուրդ ընտանիքներին` կորցնելով իրենց հավատն ու լեզուն; - օսմանյան վարչակարգի անկումը եւ Թուրքիայի Հանրապետության ստեղծումը իրավիճակը չփոխեց` 1920-1922թթ. Կիլիկյան Հայաստանի վրա հարձակումով եւ Իզմիրի ջարդով նոր իշխանությունները ցեղասպանությունը հասցրին ավարտին; ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՈՐ. - Թուրքիան կտրականապես հրաժարվում է պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը` ի տարբերություն Գերմանիայի եւ Ավստրիայի, որոնք ճանաչեցին հրեաների ցեղասպանությունը; - 1987թ. հունիսի 18-ին Եվրոպական Խորհրդարանը հաստատեց, որ Թուրքիան չի կարող դառնալ Եվրոպական Միության անդամ երկիր առանց նախապես ճանաչելու այդ ցեղասպանության իր պատասխանատվությունը; - բոլոր երկրների` այդ թվում Իտալիայի, պետական մարմինները պարտավոր են ուժով հռչակել եւ հիշել այս պատմական ճշմարտությունը` պաշտոնապես ճանաչելով այդ ողբերգական ցեղասպանությունը; - 1985թ. ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը, 1987թ. Եվրոպական Խորհրդարանը եւ մի շարք երկրներ (ինչպես նաեւ Օսմանյան Ռազմական Դատարանը 1919թ. ի վեր) եւ Իտալիան, 1997-1998թթ. բազմաթիվ քաղաքների քաղաքային խորհուրդների միջոցով, որոնք են` Հռոմ, Միլան, Ջենովա, Ֆլորենցիա, Վենետիկ, Պադովա, Պարմա, Ռավեննա, Ռեջջիո Էմիլիա, Տրեվիզո, Չեզենա, Տարանտո, Վիտերբո, Պավիա, Կամպոնոգարա, Կաստելսիլանո, Կոնսելիչե, Կոտինյոլա, Ֆուզինյանո, Լուգո, Ֆաենցա, Ռուսսի, Սանտ’Ագաթա Սուլ Սանտերնո, Սոլառոլո, Բանյակավալլո, Մասսա Լոմբարդա, Ֆելտրե, Իմոլա, Թիենե, Ազիագո, Պոնտե Դի Պիավե, Վիլլա Ֆրանկա Պադովանա, Սալգա Ռեդա, Բելլունո, Միրա, Ուդինե, Բերտիոլո, Մոնտորսո Վիչենտինո, Մոնտե Ֆորտե Դ’Ալպի, Սանգուինետտո, Ձենսոն Դի Պիավե, Մոլյանո Վենետո, Վիջեւանո, Կավալլինո ինչպես նաեւ Լոմբարդիայի Մարզային Խորհուրդը, պաշտոնապես ճանաչել են հայ ժողովրդի բնաջնջումը որպես ցեղասպանություն; - 2000թ. նոյոմբերին Պատգամավորների Պալատը ճանաչել է հայոց ցեղասպանությունը, ընդունելով մի բանաձեւ, որով պարտավորեցնում է Իտալիայի Կառավարությանը ճանաչելու հայ ժողովրդի ցեղասպանությունը; - Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ հիշատակել է այդ ցեղասպանությունը, որը կղերականության եւ ժողովրդի մեջ բազմաթիվ մարտիրոսներ է տվել; - Թուրքիայում գտնվող հայկական քրիստոնեական պատմական մշակութային ժառանգությունը այսօր գտնվում է բացարձակ քայքայման եզրին, որը մեծ անհանգստություն է առաջացնում բնագավառի միջազգային մասնագետների մոտ (առ այսօր ոչնչացվում եւ սրբապղծվում են քրիստոնեական պաշտամունքի շինությունները, որոնք պատկանել են հայերին); ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ. Որ Հայ ժողովրդի բնաջնջումը 1985թ. ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների ենթահանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես Ցեղասպանություն, ՊԱՐՏԱՎՈՐԵՑՈՒՄ Է. Քաղաքապետին եւ Ավագանուն - արտահայտել իրենց համերաշխությունը հայ ժողովրդին` իր անխախտ իրավունքների եւ պատմական ճշմարտության համար մղվող պայքարում; - ի կատար ածել յուրաքանչյուր հնարավոր նախաձեռնություն, որն ուղղված կլինի իրազեկելու հայ ժողովրդի ողբերգական պատմական անցյալը; - միջամտել գեղարվեստական, պատմական եւ հոգեւոր հուշարձանների խնամքով եւ պաշտպանությամբ զբաղվող մարմինների առջեւ` որպեսզի խրախուսվեն եւ պատասխանատվության կոչվեն Կառավարությունները, հատկապես Թուրքիայի կառավարությունը, որի տարածքում է գտնվում հայ-քրիստոնեական ճարտարապետական ժառանգությունը` անխնամ վիճակում եւ անկման եզրին; - կոչ անել Եվրոպական Խորհրդարանին գործել այնպես, որպեսզի, Եվրոպական Միությանն անդամակցելու թեկնածու Թուրքիան, ճանաչի եւ դատապարտի հայ ժողովրդի ցեղասպանությունը: - աջակցել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հաշտեցմանը եւ պատմության թողած վերքերի հաղթահարմանն ուղղված ցանկացած օգտակար նախաձեռնությանը»:

No comments: