Panorama.am. 17-2-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «աջ թև» բնորոշվող, արտաքին քաղաքական հարցերով օգնական Նևրուզ Մուհամեդովը, փոխվարչապետ Ալի Հասանովը և փոխարտգործնախարար Հելեֆ Հելեֆովը պատասխանելով Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական արձանագրությունների մասին թուրքական «ՀաբերԹուրք» (HaberTurk) լրատվականի հարցերին, մասնավորապես ասել են.
Նևրուզ Մուհամեդով
- Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ մենք Ֆրանսիային ավելի կտրուկ արձագանքեցինք, քան Թուրքիան: Ավելի շատ ջանք թափեցինք, քան Թուրքիան: Ցույց տվեք ինձ մեկ այլ երկիր, որն այդ հարցում զորակցել է Թուրքիային: Բայց Ֆրանսիայի դուրս գալը ԵԱՀԿ Մինսկի խմբից, որ Թուրքիան ցանկանում է, գործնականում անհնար է: Եթե նույնիսկ կամենանք էլ, դա լինելու բան չի, որովհետև կոնսենսուսի անհրաժեշտություն կա: Մինչդեռ Թուրքիան մեզ ասում է. «Ֆրանսիան մեր թշնամին է, խզեք հարաբերությունները նրա հետ»:
Հայ-թուրքական արձանագրությունները մեզ ուղղակի ցնցեցին: Եթե չլիներ ղարաբաղյան հիմնախնդիրը, Թուրքիան սահմանը կբացեր, բայց դա խելամիտ քայլ չէր լինի:
Ալի Հասանով
- Մենք չպետք է մեր դեմ հանենք ամբողջ ֆրանսիական ժողովրդին Ֆրանսիայի հետ ունեցած վերջին լարվածության պատճառով: Ըստ էության 127 սենատոր առևտուրի մեջ են մտել և վաճառվել, ու անհնար է, որ նրանք ներկայացնեն ֆրանսիացի ժողովրդի կամքը:
Հելեֆ Հելեֆով
- Լեռնային Ղարաբաղը մեր ամենամեծ խնդիրն է: Մինսկի խումբը ղարաբաղյան բանակցային գործընթացում կարևոր նշանակություն ունի: Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով Ֆրանսիային ցուցաբերված կոշտ արձագանքը չպետք է կապվի Ղարաբաղի թեմային, քանի որ դա դրականորեն չի ազդի բանակցային գործընթացի վրա: Ընդհակառակը, կարող է նոր բարդությունների առաջացման պատճառ դառնալ: Ճիշտ է, Մինսկի խումբը մինչև հիմա իր ջանքերը արդյունքի չի հասցրել, բայց դեռևս չի սպառել իր հնարավորությունները:
Saturday, February 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment