Thursday, March 1, 2012

Հ.Խառատյան. «Մենք աշխարհին ոչինչ չենք ասում, և դրանով մեր տառապանքը կրկնակի բորբոքում»

Panorama.am. 29-2-2012- «Ողջ հայությունը` թե պետական և թե անհատների մակարդակով պետք է շարունակաբար բարձրաձայնի աշխարհին Սումգայիթի և Բաքվի ցեղասպանության վերաբերյալ ճշմարտությունը», - այսօր Ադրբեջանի կողմից 1988-ին Սումգայիթ քաղաքում ապրող հայերի նկատմամբ պետական մակարդակով իրականացրած ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով` աշխարհին 1988 թվականի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ ծանուցումը բավարար մակարդակի վրա չէ. «Կարծում եմ, որ այդ հարցում մենք թերանում ենք: Թերանում են և Հայաստանի իշխանությունները, և հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, լրագրողները, չնայած` վերջիններս ավելի շատ են բարձրաձայնում դրա մասին: Թերանում ենք նրանով, որ կարծում ենք, թե այն ճշմարտությունը, որը մենք գիտենք, գիտի նաև ամբողջ աշխարհը, և բավական է միայն հիշեցնել դրա մասին: Ոչ´, ինչպես դատարանում անմեղը պետք է ապացուցի իր անմեղ լինելը, այդպես էլ մենք պետք է ապացուցենք մեր փաստացի զոհ լինելը», - ասաց նա: Ըստ Հ. Խառատյանի` տարեկան 4 - 5 անգամ Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ. իրականացրած Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի բարձունք գալը բավարար չէ: «100 տարի առաջ տեղի ունեցած և տևական ընթացք ունեցած Հայոց ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանի տարածքում, Սումգայիթը, Կիրովաբադը, Բաքուն պետք է մշտապես հիշվեն: Բայց մենք աշխարհին ոչինչ չենք ասում, և դրանով մեր տառապանքը կրկնակի բորբոքում ենք: Մեզանից ամեն ոք պետք է ջանք չխնայի վերլուծելու, հասկանալու, ապացուցելու, հասկացնելու համար», - ասաց ազգագրագետը: Նրա խոսքով` հայությունը շատ պասիվ է դարձել և այդ պասիվությունը նրա դեմ է օգտագործվում: «Ինչ բացատրություն կամ պատճառաբանում մենք բերենք, դա անիմաստ է. այսօր ինտենսիվ քննարկվում է Թուրքիայի մասնակցությունը հայ – ադրբեջանական կամ հայ-թուրք –ադրբեջանական հիմնախնդիրների կարգավորման մեջ, և սա դառնում է օրակարգային խնդիր», - ասաց նա` հավելելով, որ յուրաքանչյուրը` վերադանալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից տուն, պետք է իր մեջ գտնի այն հնարավորությունը, որով կարող է օժանդակել արդարությունն ու ճշմարտությունը` աշխարհին տեղ հասցնելու գործում: Խառատյանը գտնում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը պետք է իր բոլոր ջանքերը գործադրի «գոնե հակակշռելու ադրբեջանա-թուրքական դավադրությունների թնջուկին»:

No comments: