Mediamax.am. 29-2-2012- Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Ամերիկայի համար «չկա ավելի կարեւոր հարց, քան նվիրումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորմանը»:
Ինչպես հայտնում է Մեդիամաքս-ը, այդ մասին ամերիկացի դիվանագետը ասել է Վաշինգտոնում կայացած ամերիկա-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
«Խաղաղությանն ուղղված վերջնական քայլերը հաճախ ամենադժվարն են լինում, սակայն մենք հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր եւ հարկավոր է: Կողմերի նվիրումը եւ քաղաքական կամքը մեզ թույլ կտան շարժվել դեպի առավել անվտանգ եւ բարգավաճ ապագա»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:
«Մենք վստահ ենք, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել երկարաժամկետ խաղաղության ու կայունության եւ տարածաշրջանային զարգացման ու համագործակցության համար նոր հնարավորություններ բացել: Պետքարտուղար Քլինթոնը չափազանց ուշադիր է հետեւում գործընթացին` դրան ժամանակ ու ուշադրություն հատկացնելով», - ընդգծել է Ֆիլիպ Գորդոնը:
Thursday, March 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment