Thursday, March 1, 2012

ԱՄՆ Կոնգրեսում հարցուպատասխանի ժամանակ Քլինթոնը «փորձել է» պատասխանել նաև Հայոց ցեղասպնության վերաբերյալ հարցին

Tert.am. 1-2012- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում փետրվարի 29-ին տեղի ունեցած նիստի ժամանակ կոնգրեսական Ադամ Շիֆը պետքարտուղար Հիլարի Քլինթոնից պահանջել է մեկնաբանել վերջերս Հայոց ցեղասպանության առնչությամբ արած հայտարարությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 26-ին ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը, պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի այն հարցին, թե ԱՄՆ–ն ինչու չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, հայտարարել էր, թե «Ցեղասպանությունը պատմական հարց է, ոչ թե քաղաքական»։ «Կարծում եմ, որ արդարացի կլինի ասել, ես ևս այդպես եմ կարծում, որ դա (Հայոց ցեղասպանության հարցը) պատմական քննարկումների և եզրահանգումների ենթակա հարց է, ոչ թե քաղաքական: Կարծում եմ, որ ԱՄՆ–ի կառավարությունը ճիշտ դիրքորոշում է որդեգրել այդ հարցում, քանի որ որքան սոսկալի և հուզումնալից լինի կատարվածը, միևնույն է, պատմական հարցերը լուծելու համար պետական իշխանության օգտագործումը, կարծում եմ՝ մի դուռ է բացում, որը շատ վտանգավոր է անցնելու համար»,–ասել էր Քլինթոնը։ «Սովորական բառերով չեմ կարող բացատրել, թե Ձեր վերջին հայտարարությունը որքան վիշտ պատճառեց Ամերիկայի հայ համայնքին և մարդու իրավունքների շարժման ակտիվիստներին»,-Քլինթոնին ուղղված հարցում ասել է Շիֆը` հիշեցնելով, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կողմից դեռ 1951թ. միջազգային դատարան ներկայացված պաշտոնական զեկույցում Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարվածը որպես ցեղասպանության օրինակ է ներկայացվել, իսկ 1980-ական թթ. ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Շիֆը Քլինթոնին հիշեցրել է նաև, որ թե նա, թե Բարաք Օբաման` ԱՄՆ Սենատում աշխատելու տարիներին համապատասխանաբար 2006թ. ապրիլի 20-ին և 2005թ. ապրիլի18-ին նախագահ Ջորջ Բուշին ուղղված նամակներում պաշտոնապես կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Անցած շաբաթ, սակայն, Ձեր արած հայտարարությունը շատ էր տարբերվում նախորդ հյատարարություններից: Այն, ցավոք սրտի, մեծ չափով ներկայացնում էր Թուրքիայի կառավարության քաղաքական ուղեգիծը: Եվ հիմա ուզում եմ հարցնել Ձեզ` արդյոք կասկած ունեք, որ 1915-ից 1923 թթ. տեղի ունեցած իրադարաձությունները ցեղասպանություն են: Արդյոք այդ հարցի( Հայոց ցեղասպնության) վերաբերյալ Ձեր տեսակետը փոխվել է »,-հարցը եզրափակել է սենատորը: Պետքարտուղար Քլինթոնն ի պատասխան ասել է, թե ինքը հունվարի 26-ին նման հայտարարությամբ հանդես է եկել` անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: « Կարծում եմ, որ խոսքի քրեակաանցումը դժվարին ճանապարհ է` անցնելու համար: Եվ, ինչպես հասկանում եմ, Ֆրանսիայի դատարանն այն հակասահմանադրական ճանաչեց (փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը): Թույլ տվեք ավելի պարզ խոսել: ԱՄՆ-ը 1915թ. դեպքերը ճանաչում է որպես 20-րդ դարի ամենավայրագ իրադարձություններից մեկը: Եվ ամեն տարի ապրիլի 24-ին նախագահը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին: Անցած տարի ապրիլքսանչորսյան իր ելույթում նախագահ Օբաման ասաց, որ յուրաքանչյուրի շահերից է բխում փաստերի լիարժեք, անկեղծ և արդարացի ճանաչմանը հասնելը: Նա նաև նշեց, որ այդ նպատակին հասնելու լավագույն ուղին այն է, որպեսզի հայ և թուրք ժողովուրդներն առաջ գնալուն ուղղված քայլեր կատարեն` ընդունելով նաև անցյալի փաստերը: Նախագահ Օբաման, ինչպես որ նրանից առաջ բոլոր նախագահները, մեծապես աջակցում է երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի և Թուրքիայի ջանքերին: Այնպես որ մենք կարծում ենք, որ սա մի դիրքորորոշում է, որն ամբողջությամբ արտացոլում է 1915թ. սոսկալի դեպքերը և փորձում է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որում այդ երկու ժողովուրդները և պետությունները կկարողանան միասին առաջ գնալ»: ՏԱՄՆ Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թիվ 304 բանաձևի հեղինակներ Ադամ Շիֆը և Ռոբերտ Դոլդը երկուշաբթի նամակ էին հղել Հիլարի Քլինթոնին` պահանջելով հրաժարվել Հայոց ցեղասպանությունը «պատմական քննարկումների առարկա» անվանելու վերաբերյալ իր վերոնշյալ խոսքերից: Կոնգրեսականներ Շիֆի և Դոլդի նամակի տակ իրենց ստորագրությունն էին դրել նաև Ներկայացուցիչների պալատի 59 ներկայացուցիչներ: Նամակում, մասնավորապես, նշվել է, որ «Հայոց ցեղասպանության ոչ ճիշտ նկարագրությունը, ամերիկահայերին և ցեղասպանության զոհերին վիրավորանք հասցնելուց բացի, խրախուսում է Թուրքիայի կողմից իրականացվող Հայոց ցեղասպանության ժխտման ամոթալի արշավը»:

No comments: