Thursday, March 1, 2012

«Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիային ձեռնտու է Իրանին իսրայելա-ամերիկյան հարվածի հասցնելը». WikiLeaks

1in.am. 1-3-2012- Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի նամակագրությանն առնչվող Wikileaks-յան բացահայտումներից մեկը վերաբերում է թուրք-իսրայելական հարաբերություններին: Stratfor-ի հիմնադիր և ղեկավար Ջորջ Ֆրիդմանի մի շարք նամակներում խոսք է գնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի զրույցների մասին: Նրանց այդ նամակագրությունը թվագրված է 2011 թվականի փետրվարի սկզբին: Էրդողանը Քիսինջերին հայտարարել է, որ ինչ-որ պահի նա ստիպված կլինի այրել Իսրայելի հետ կամուրջները, որպեսզի Թուրքիան դառնա իսլամական աշխարհի առաջնորդը: Էրդողանը հավելել է, որ Թուրքիային ձեռնտու է Իրանին իսրայելա-ամերիկյան հարվածի հասցնելը, քանի որ դա նրան հնարավորություն կընձեռի ավելացնել տարածաշրջանում իր ազդեցությունը: Քիսինջերն իր մեկնաբանություններում նկատել է, որ Իրանի վրա հարձակումից հետո Էրդողանը խզելու է Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները. «Դա հնարավորություն է, որին նա սպասում է: Հարվածի հետևանքով Իրանը կթուլանա: Իրանը գնալով ավելի ու ավելի շատ կախված կլինի Թուրքիայից: Այդ ամենը կարող է տեղի ունենալ իսրայելական հարձակման դեպքում»: Նշվում է, որ այն բանից հետո, ինչ ցանցահենները տիրեցին Stratfor-ի 5.5 միլիոն նամակներին, Stratfor-ը հայտարարեց, որ իր նամակների մի մասը ցանցահենները կարող են հրապարակել խեղաթյուրված տարբերակով: Հիշեցնենք, որ թեև Թուրքիան հայտարարում է, որ կողմ է խաղաղ նպատակներով Իրանի կողմից միջուկային էներգիայի օգտագործմանը, այնուամենայնիվ նրան ամենևին էլ անհրաժեշտ չէ «միջուկային» (միջուկային զենք ունեցող) Իրանը: Թուրքիան մոտ կես հազարամյակ է, ինչ տարածաշրջանում և իսլամական աշխարհում գերիշխող դիրք զբաղեցնելու շուրջ կատաղի մրցակցություն է մղում իր խոշորագույն և առավել ուժեղ հարևան Իրանի հետ: Սակայն գլխավորապես տնտեսական գործոնը (միլիարդավոր դոլարների կորուստը – էներգակիրների անխուսափելի գնաճը, ներկրվող իրանական գազի հնարավոր դադարեցումը, թուրք-իրանական ապրանքաշրջանառության ծավալի կրկնապատկման պլանների ձախողումը, Իրանում թուրքական ներդրումների հարցը, իրանցի զբոսաշրջիկների ներհոսքի հնարավոր կրճատումը և այլն), ինչպես նաև իսլամական աշխարհի հետ իր ջերմ հարաբերությունները չփչացնելը Թուրքիային զսպում է Իրանին ուժային հարված հասցնելու շուրջ ԱՄՆ-ի ու Իսրայելի պլանները ողջունելուց: Ուժային հարվածի արդյունքում Իրանը տարածաշրջանում կկորցնի ազդեցիկ դերը, կվերածվի երկրորդական երկրի և տևական ժամանակ չի կարողանա տարածաշրջանում ու իսլամական աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնելու շուրջ մրցակցել Թուրքիայի հետ:

No comments: