Wednesday, April 11, 2012

Գրողների միության համաժողովին կմասնակցի ավելի քան 60 սփյուռքահայ գրող

Tert.am. 11-4-2012- Երանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման և հայ տպագրության 500-ամյակի տոնակատարություններից առաջ՝ ապրիլի 20-ին, տեղի կունենա հայ գրողների համահայկական 6-րդ համաժողովը, որին կմասնակցի նաև սփյուռքահայ ավելի քան 60 գրող, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը՝ ավելացնելով, որ քաղաքական գարունը միաժամանակ գրական-մշակութային շրջան է լինելու: «Համաժողովը լինում է երկու տարին մեկ անգամ ամռանը, բայց մենք հարմարեցրինք այս ամսին, որ համընկնի Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու և հայ գրատպության 500-ամյակի հետ կապված տոնակատարություններին: Այդպիսով հնարավորություն կտանք սփյուռքից ժամանող մեր գրողները ևս մասնակցեն մեր համաժողովին»,- ասաց Լևոն Անանյանը: Սփյուռքահայ գրողների մասին խոսելիս՝ Լևոն Անանյանը նշեց, որ այլևս վերացել է արևելահայ և արևմտահայ գրողների միջև եղած նախկին անջրպետը: «Մեր սփյուռքահայ գրողները մեր գրողների միության լիարժեք անդամներն են: Ստեղծվել է ընդհանուր դաշտ և արհեստական ջրբաժանը վերացված է: Համաժողովի բացմանը մենք նրանց կհանձնենք գրողների միության անդամության տոմսը»,- ասաց նա: Անդրադառնալով Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելուն՝ Լևոն Անանյանը տեղեկացրեց, որ Հայաստանում տարեկան տպագրվում է 2500 անուն գիրք: «Այժմ ավելի շատ ենք տպագրում, քան խորհրդային տարաներին: Պարզապես այսօր տպաքանակն է ավելի քիչ: Նախկինում պոեզիան տպագրվում էր մինչև 40 հազ. տպաքանակով, իսկ մեր ամենասիրված բանաստեղծների գրքերի տպաքանակը հասնում էր մինչև 100 հազարի և մեծ հերթեր էին գոյանում»,- հիշեց նա: Լևոն Անանյանը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 22-ին Բուենոս Այրեսը պաշտոնապես գրքի մայրաքաղաքի տիտղոսը կհանձնի Երևանին, իսկ Երևանը մյուս տարի այն կտա Բանգկոկին: «Մենք փորձում ենք լավ պատրաստվել: Մշակույթի նախարարությունը այսօր հիշեցնում է ճակատամարտի մի վայր, քանի որ ծրագրերը շատ են: Տոնակատարությունները կսկսվեն ապրիլի 21-ից: Կարևոր միջոցառումներից են Գաֆէսճեան կենտրոնի «Armbook էքսպո»–ն, իսկ ապրիլի 23-ին «Մշո ճառընտիր» արձանի բացումը կլինի»,- ասաց նա։

No comments: