Wednesday, April 11, 2012

Օլիգարխների զարկերակը խփում է

«Լրագիր» 10-4-2012- «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր անդրադարձել է նախընտրական պրոցեսներին: Նրա խոսքով, այսօր հիմնական խնդիրը, որը հետաքրքրում է ժողովրդին, հետեւյալն է՝ արդյոք հնարավո՞ր է ընտրել մեկ այլ կյանք, ինչը սկզբունքորեն մնում է ընտրությունների գործընթացից դուրս, քանի որ այդ կյանքը կապված է ֆունդամենտալ կողմնորոշիչների, արժեհամակարգի փոփոխման հետ, որը ընտրությունների մասնակիցների կողմից ըստ էության չի արծարծվում, այսինքն հիմնական խաղացողները արժեհամակարգային նույն դաշտում են, նրանք չունեն հայտարարություն, որ փոխելու են նյութապաշտ մարդու համակարգը: Աշոտ Մանուչարյանը նշել է, որ հիմնական մասնակիցների երկու թև կա, ըստ որի՝ մի թևը համարում է, որ մարդը գալիս է կապիտալի հավաքագրմանը և պետք է դրանով զբաղվի ցանկացած ձևով, մյուսը համարում է, որ պետք է դրանով զբաղվի այսպես կոչված սահմանադրական կարգի շրջանակներում. «Այսօրվա աշխարհի սահմանադրական կյանքը կողոպուտի, ինչ-որ խաղի կանոնների համակարգն է: Ցավալիորեն այլ փիլիսոփայություն, որը կարող էր հայտնվել այլ հասարակարգի հետ կապված, օրինակ սոցիալիզմի դրոշի տակ, այդպիսի ուժերի կենտրոնացում չկարողացավ ապահովել անգամ Ռոբերտ Փոլադյանը, որն այդ ուժի ամենակազմակերպված գործիչն էր, սակայն Հայաստանի ապագան կապված է այդպիսի նոր հանգամանքների հետ», նշել է Աշոտ Մանուչարյանը: Նա նաև նշել է, որ քաղաքական ուժերի մեջ այսօր լուրջ ճեղքվածք է առաջացել, որը տասը օր առաջ չկար, և չորս կուսակցությունների համաձայնագրի ստորագրումից հետո իրավիճակը փոխվել է, որովհետև արտաքին խաղացողների դաշտը փոփոխություն է ապրել: Աշոտ Մանուչարյանի խոսքով, Հայաստանն այսօր այս համակարգով ամբողջովին կախվածության մեջ է դրսի հիմնական խաղացողներից՝ Արևուտքից՝ ի դեմս Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի, երկրորդ՝ այս ամենին փորձում է դիմակայել Ռուսաստանը, որն ակնհայտորեն առկա չէ այս ընտրությունների գործընթացում: «Ամբողջ գործընթացը ենթադրվում է, որ անցնում է Արևմուտքի կանխորոշված սցենարով և այս սցենարով Հայաստանում սպասվում է նախ համապատասխան ուժերի հաղթանակ, որից հետո զարգացումներ մոտավորապես վրացական սցենարով: Այս պայմանագրի ստորագրումը հանգեցրեց նրան, որ հայաստանյան նյութապաշտ համակարգի ուժերը տրոհվեցին, և նրանց մեջ ինչպիսի զարգացումներ են սպասվում, դժվար է կանխորոշել», ասել է բանախոսը՝ դրանով պայմանավորելով վախի մթնոլորտը. «Եթե փորձենք չափել ձեզ ծանոթ օլիգարխների, քաղաքական գործիչների զարկերակները, ապա կտենսնենք, որ մեծ անհագստություն կա երկու ճամբարներում էլ»:

No comments: