Thursday, April 12, 2012

Թավրիզ-Երևան խողովակաշար. անունը կա, ամանում չկա

Tert.am. 12-4-2012- Թավրիզ-Երևան նավթամթերքատար խողովակաշարի կառուցման գաղափար կա, սակայն այս պահին որևէ ծրագիր չի իրականացվում: Այս մասին Tert.am –ին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը՝ հավելելով, որ խողովակաշարը հնարավորություն կտա Պարսից ծոցից նավթամթերք տեղափոխել Հայաստան: Նշենք, որ օրերս Իրանի նավթամթերքի իրացման իրանական ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին, ըստ իրանական Mehr գործակալության, ասել է, որ Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերք ներկրել Վրաստանից, այդ իսկ պատճառով Հայաստանը սկսել է ներկրել Իրանից: «Նախարարության նախաձեռնությամբ որևէ նավթամթերք չի ներկրվում Հայաստան. խողովակաշար չկա, դեռ պատրաստ չէ, տրանսպորտով էլ չի ներկրվում»,-ասաց Էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղարը: Նշենք, որ իրանական լրատվամիջոցը հաղորդել էր, որ առաջին փուլում իրանական մասնավոր ընկերությունները նավթամթերքը Հայաստան կհասցնեն ավտոմոբոլային ճանապարհներով, իսկ հետագայում արդեն` խողովակաշարով: Լուսինե Հարությունյանն ասաց, որ չգիտի՝ ինչ է հաղորդել իրանական լրատվամիջոցը, սակայն այս պահին, նրա խոսքով, Հայաստան իրանական նավթ չի ներկրկվում: «Ո՛չ մեքենաներով, ո՛չ էլ խողովակաշարերով, իսկ ընդհանրապես, կրկնում եմ՝ Հայաստանն Իրանի հետ ունի պայմանավորվածություն, սակայն առայժմ քննարկումների մակարդակով»,- հաստատեց Լուսինե Հարությունյանը: Նա պարզաբանեց, որ փետրվարին Իրան այցելած էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն իրանական կողմի հետ ստորագրել է այդ խողովակաշարը զարգացնելու մասին մտադրությունների հուշագիր, որը դեռ համաձայնագիր չէ: Նշվեց, որ պարսկերենից թարգմանության մեջ այստեղ տեղ է գտել ոչ այնքան ճիշտ թարգմանություն: Տարածաշրջանայի հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Tert.am –ի զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանի և Իրանի միջև գազի ու նավթի շուրջ պայմանավորվածություններին «շատ կասկածամտորեն է տրամադրված» ու համարում է, որ սա Իրանի կողմից «բլեֆ է»: «Չեմ հավատում, որ նրանք ներդրումներ կարող են անել խողովակաշարի կառուցման համար, և եթե նույնիսկ երկաթուղիով կամ մեքենայով նավթը հասնի Հայաստան, քանակը շատ քիչ կլինի: Սա Իրանի կողմից բլեֆ է՝ փորձելու համար խոսափելու պատժամիջոցներից»:

No comments: