Wednesday, April 11, 2012

Վահան Հովհաննիսյան.«Այլեւս թույլ չենք տա, որ կաշառակերները, թուլամորթները, գողերն ու ավազակներին գնան խորհրդարան»

7or.am. 10-4-2012- Հատված ՀՅԴ հանրահավաքում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի ելույթից «Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եվ ՀՅԴ-ն չի եկել` իշխանությունը զավթելու, խլելու կամ կաշառքով առնելու, իշխանություն մուրալու: ՀՅԴ-ն եկել է` վերադարձնելու այն, ինչ օրենքով, Սահմանադրությամբ ժողովրդինն է։ Ամենասկզբից եկեք ազնիվ լինենք ու խոստովանենք, որ իշխանությունը մեզանից խլել են` օգտվելով մեր թուլություններից, խաղալով մեր հոգիների մեջ եղած ամենաթույլ կետերի վրա: Օգտվել են մեր վախկոտությունից, մեր անպատասխանատվությունից, մեր նախանձությունից: Ինչ կա մեր մեջ վատը` օգտվել են: Իսկ մենք կվերադարձնենք իշխանությունը` հենվելով մեր ամենալավ հատկանիշների վրա` քաջության, խիզախության, հայրենիքի համար զոհվելու պատրաստակամության: Մենք կվերադարձնենք իշխանությունը մեր ժողովրդին, որովհետև մեր ժողովուրդը դրան արժանի է։ Հիշե՛նք, թե ովքեր են եղել Հայաստանի խորհրդարանում` անգրագետներ, կաշառակերներ, գողեր, մարդիկ, ովքեր կաղնու հաստության վիզ ունեն ու կաղինի չափ խելք: Այլեւս թույլ չենք տա, որ կաշառակերները, թուլամորթները, գողերն ու ավազակներին գնան խորհրդարան»։

No comments: