Thursday, April 12, 2012

«Foreign Policy». Օբաման հարկադրել է Ալիևին հրաժարվել Իսրայելի հետ համագործակցությունից

Panorama.am. 11-4-2012- Ադրբեջանի կառավարության կողմից Իրանի սահմանին մոտ Իսրայելին ավիաբազա տրամադրելու մասին լուրը դեռևս շարունակվում է քննարկվել համաշխարհային մամուլում: «Foreign Policy» լրատվականում հրապարակված այդ տեղեկության շուրջ իսրայելյան մամուլը շարունակում է ագրեսիվ վերաբերմունք հայտնել: Այս անգամ «Jewish world review»-ում Ֆրանկ Գաֆնին քննադատության է ենթարկել Բարաք Օբամայի վարչակազմին և Ադրբեջանի նկատմամբ նրա քաղաքականությունը: «Ազադլիգը» գրում է, որ Գաֆնին «Foreign Policy»-ում նշում է, թե Օբամայի կողմից ԱՄՆ-ի և դաշնակիցների անվտանգության գաղտնիքների հրապարակումը ավելի վտանգավոր է դարձնում աշխարհը, և ապագայում կարող է ավելի շատ մարդու մահվան պատճառ դառնալ: Ըստ նրա` նման օրինակ է «Ալ Ղաիդայի» առաջնորդ Բեն Լադենի դեմ իրագործված գործողությունների մանր դետալների մամուլ թափանցումը: Գաֆնիի կարծիքով` Իրանի դեմ հարձակման համար Իսրայելի կողմից Ադրբեջանում օդանավակայան գնելու մասին «Foreign Policy»-ում հրապարակված լուրը տվել է ցանկալի ազդեցությունը: «Օբաման կարողացավ տեղը դնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և հարկադրեց նրան հրաժարվել Իսրայելի հետ որևէ համագործակցությունից: Դրանով Օբաման կարողացավ սաբոտաժի ենթարկել Իսրայելի անվտանգությունը և էֆեկտիվորեն պաշտպանել Իրանին»,- նշել է Գաֆնին: Հեղինակը ուշադրություն է հրավիրում «Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին»` հղում կատարելով «Washington Post» թերթի կիրակնօրյա հրապարակմանը, որում բավականին տեղեկություններ են պարունակվում Իրանի միջուկային ծրագրի համակարգչային համակարգերում լրտես «անձրևաորդեր» և թռչող խանգարիչ սարքեր տեղակայվելու մասին: «Ինչպես երևում է` Օբամայի թիմը կարողանում է մանիպուլյացիա կատարել գաղտնի տեղեկություններով: Դա կարելի է «քաղաքական կոմպրոմիս» անվանել, սակայն նախագահի նման մտածելակերպը հարվածի տակ է դնում մեր և բազմաթիվ ազատասեր մարդկանց անվտանգությունը»,- եզրակացնում է Գաֆնին:

No comments: