Thursday, April 12, 2012

«Today’s Zaman». Թուրքիան առաջիկա ժամանակաշրջանում հնարավոր է ներողություն խնդրի եւ փոխհատուցի հայերին

News.am. 12-4-2012- NEWS.am–ը որոշակի կրճատումներով ներկայացնում է թուրքական «Today’s Zaman» պարբերականում հրապարակված Դողու Էրգիլի հոդվածը. «Թուրքիայի համար հարցերից մեկը, որը երբեք ինքն իրեն դուրս չի գա, «հայկական հարցն» է: Սա հիմնականում այն պատճառով, որ ողջ աշխարհով մեկ սփռված հայերը հարցը կենդանի են պահում եւ պահանջում են հիշել այն: Իրականում էքսպատրիացիան` բռնի ուժով հայրենիքից տեղահանումը հայերի ընդհանուր ինքնության կորիզն է, որը կիսում են ողջ աշխարհի հայերը: Մոտենում է ապրիլի 24-ը: Դա 1915 թ-ին Ստամբուլից 235 ականավոր թուրքահայերի շուրջկալի եւ նրանց դեպի անհայտ ապագա ուղարկելու օրն է: Հայերն այդ օրը նշում են միջոցառումներով ու ելույթներով եւ դատապարտում են այդ գործողությունները որպես ցեղասպանություն: Նրանք պահանջում են, որ թուրքերն իրենց օրինակին հետեւեն: Թուրքերն ընդդիմանում են երեք պատճառով. 1) Դա ինքնության հարց է: Նրանք չեն ուզում, որպեսզի իրենց ճանաչեն որպես հանցագործների թոռներ 2) Դա կապված է պետության հիմնական առասպելի հետ: Փաստը, որ թուրքական պետությունը կառուցված է այլ ժողովուրդների ոչնչացման եւ ձուլման վրա, հիասթափեցնող է 3) Դա իրավակիրառման հարց է , ինչը կարող է իր ետեւից բերել քրեական պատասխանատվության: Թուրքիան անցյալի իրադարձությունների (1915թ.) որեւէ իրավական սահմանում չի մշակել: Ընդունված է դավաճանությունը կանխելու նպատակով տեղահանման եւ պատժիչ միջոցառումների կիրառման հայեցակարգը, որը հիմնվում է այն փաստի վրա, որ արեւելյան նահանգներում բնակվող հայերն օգնել կամ միացել են Թուրքիայի տարածք ներխուժած ռուսական զորքերին: Գոյություն ունեն այդ փաստարկի բավականաչափ ապացույցներ, սակայն ոչ մի ճշմարտանման պատասխան չկա, թե ինչու ընդհանուր առմամբ Անատոլիայից հայերն արտաքսվեցին եւ նրանց կորուստները չփոխհատուցվեցին: Պետք է քննարկվի հարցը, թե ինչու տեղահանված հայերը հետո չվերադարձան, իսկ 300 հազարը, որոնք դա արեցին 1919թ-ից հետո, ստիպված էին հեռանալ մի քանի տարի անց (1927թ. առաջին պաշտոնական մարդահամարի տվյալներով` Թուրքիայում մնացել է ընդամենը 100 հազ. հայ): Ի՞նչ կարելի է անել 1)Թուրքիան կարող է առաջ գանել եւ վավերացնել երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրված արձանագրությունները: Հայերը պետք է հետեւեն նրանց օրինակին: Իրականում արձանագրությունների ստորագրումը երկու կողմից էլ դժկամությամբ արվեց, եւ երկուսն էլ ենթադրում էին, թե հակառակ կողմը վերջին պահին կհրաժարվի` բացահայտելով մյուսի «իրական դեմքը»: 2) Թուրքական կառավարությունը կարող է ներողություն խնդրել անցյալի ողբերգության համար, որի համար նա պատասխանատվություն չի կրում, սակայն թուրքահայերին փոխհատուցելու մարդասիրական նախաձեռնություն ստանձնի: 3) (Սա բացառապես իմ գաղափարն ու հույսն է) Կարող է քաղաքացիություն տրվել այն սերունդներին, ովքեր կցանկանան լինել Թուրքիայի քաղաքացի: Այսպիսով քսաներորդ դարի առաջին քառորդում փլուզված կամուրջը հնարավոր է կառուցել առաջիկա ժամանակաշրջանում` վերջ դնելով երկու ժողովուրդների հետապնդումներին, որոնք միաժամանակ ազգայնականության զոհ են դարձել»:

No comments: