Thursday, June 7, 2012

ՇՀԿ. Իրանական խնդրի ուժային լուծումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ

News.am. 7-6-2012- Իրանական խնդրի ուժային լուծման հետեւանքները անկանխատեսելի են, նման փորձերն սպառնում են տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգությանը, ասվում է Պեկինում ավարտված ՇՀԿ-ի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում: «Անդամ պետությունները լուրջ մտահոգված են Իրանի շուրջ իրադրությամբ, որը դիտորդի կարգավիճակ ունի ՇՀԿ-ում: Նրանք կարծում են, որ ուժային մեթոդներով իրանական խնդիրը լուծելու ցանկացած փորձ անընդունելի է եւ կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների` սպառնալով տարածաշրջանում եւ աշխարհում կայունությանը եւ անվտանգությանը», - ասված է հռչակագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: ՇՀԿ-ի երկրները կոչ են արել բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, խուսափել հայտարարություններից եւ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա հակամարտության: ՇՀԿ-ի երկրները կողմ են «վեցյակի» եւ Իրանի միջեւ հաստատուն բանակցությունների գործընթացին` քաղաքական, դիվանագիտական մեթոդներով եւ բանակցություններով իրանական միջուկային խնդիրը կարգավորելու նպատակով: Նախօրեին ՇՀԿ-ի անդամները հայտարարել էին, որ պատրաստ են վերանայել Իրանի հայտը կազմակերպությունում ընդգրկվելու մասին, եթե այդ երկրից հանվեն միջազգային պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Իրանի միջուկային ծրագրի հետեւանքով: ՇՀԿ-ի մեջ մտնում են Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը եւ Պակիստանը: ՇՀԿ-ի գործընկերների կարգավիճակ ունեն Բելառուսը եւ Շրի Լանկան:

No comments: