Thursday, June 7, 2012

Ղարաբաղյան հարցում նոր մոտեցումներ դժվար է պատկերացնել. վերլուծաբան

Tert.am. 6-6-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում, այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայտարարել է, որ 2 շաբաթ անց Հայաստանի, Ադրբեջանի և ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը կողմերին առաջարկվելու են նոր մոտեցումներ, մինչդեռ Երևանում վերջինս հայտարարեց, որ պետք է պահպանվեն տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառման սկզբունքը: Քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը այլ մոտեցում ղարաբաղյան հակամարտության մեջ չի պատկերացնում, քանի որ 1994 թվականից այս կողմ արդեն եղել են տարբեր մոտեցումներ, իսկ այժմ սեղանին դրված են մադրիդյան սկզբունքները: «Քլինթոնի հայտարարությունը արևմտյան դիվանագիտական հայտարարություն է, և դա այն ոճն է, երբ մի երկրում հայտարարում են այնպիսի բան, որը հաճելի կլինի տվյալ երկրի հասարակությանն ու իշխանություններին, մի այլ երկրում էլ կրկին այնպիսի մի հայտարարություն, որը հաճելի կլինի լսել տվյալ երկրի հասարակությանն ու իշխանություններին: Ես պետք է նշեմ, որ ուրիշ մոտեցում այս հարցի շուրջ դժվար է պատկերացնել»,-ասաց Թաթուլ Հակոբյանը: Ըստ քաղաքական փորձագետի՝ բանակցային սեղանին դրված մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը ձեռք չի տալիս ո´չ հայկական կողմին, ո´չ ադրբեջանական կողմին և ո´չ էլ ղարաբաղյան կողմին, սակայն գործող ռեալ սկզբունքը բանակցային գործընթացում մնում է մադրիդյան սկզբունքները: «Մադրիդյան սկզբունքներից դուրս որևէ առաջարկություն մերժելու է կա´մ Հայաստանը, կա´մ Ադրբեջանը, կա´մ Արցախը»,-նշեց Թաթուլ Հակոբյանը:

No comments: