Wednesday, June 6, 2012

«Քեմալի և Թայիփի Թուրքիաներում» հայ լինելը շատ բարդ է. «Ռադիքալ»

HayNews.am. 6-6-2012- Թուրքական ձախակողմյան «Ռադիքալ» պարբերականի հոդվածագիր Թայֆուն Աթայը մի նյութ է պատրաստել, որում հետաքրքիր ձևով զուգահեռներն է տանում «Քեմալի Թուրքիայի» և «Թայիփի» Թուրքիայի մեջ: «Քեմալի Թուրքիա» ասելով նա ի նկատի ունի հանրապետական Թուրքիայի առաջին տարիները, երբ երկրի նախագահն էր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը (1923-1938 թթ), իսկ «Թայիփի Թուրքիա» ասելով` հեղինակը խոսում է ներկայիս Թուրքիայի մասին, որը 2002 թվականից ղեկավարում է Թայիփ Էրդողանը: «Քեմալի Թուրքիան» կազմավորվեց 1923 թվականի «բուրժուական բյուրոկրատական հեղափոխության» արդյունքում, իսկ «Թայիփի Թուրքիան»` 2007 թվականի «բուրժուական իսլամական հեղափոխության» արդյունքում: «Քեմալի Թուրքիան» պոստ-օսմանիստական էր, «Թայիփի Թուրքիան»` նեո-օսմանիստական: «Քեմալի Թուրքիան» աթեիստական էր, «Թայիփի Թուրքիան»` թեիստական: Հեղինակը թվարկելով մի շարք տարբերությունները քեմալական և «թայիփական» Թուրքիաների միջև` նաև մի շարք բացասական նմանություններ է գտնում: «Քեմալի Թուրքիայում» քրդական խնդիր չկա, «Թայիփի Թուրքիայում» քրդական խնդիր չկա: «Քեմալի Թուրքիան» քրդերի, ալևիների, հայերի, սոցիալիստների, միասեռականների համար բարդ մի վայր է, «Թայիփի Թուրքիան»` քրդերի, ալևիների, հայերի, սոցիալիստների, միասեռականների համար բարդ մի վայր է»,-նշում է թուրք հեղինակն իր հոդվածում:

No comments: