Wednesday, June 6, 2012

Պատերազմ չվերսկսելը Ադրբեջանը ներկայացնում է որպես փոխզիջում. փորձագետ

Tert.am. 6-6-2012- Տարիներ շարունակ բանակցային գործընթացում ադրբեջանական կողմը պատերազմը չվերսկսելը ներկայացնում է որպես փոխզիջում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ Ռազմական փորձագետը նաև նշեց, որ Ադրբեջանը հասկանում է, որ աշխարհաքաղաքական մեծ կշիռ ունեցող պետություններին պատերազմն այս պահին ձեռնտու չէ և այն վերսկսելը հնարավոր չէ: «Այս փաստը ստիպում է նրանց աչք փակել Ադրբեջանի գործողությունների վրա, քանի որ վստահ են, որ այն չի վերածվի պատերազմի: Իսկ Ադրբեջանն այս իրավիճակից փորձում է կորզել առավելագույնը»,- ասաց Դավիթ Ջամալյանը և ավելացրեց, որ Ադրբեջանն իր կեցվածքին լրջություն հաղորդելու համար առաջնային գծում իրավիճակը լարված պահեց հենց ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան այցի ժամանակ: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին առավոտյան ժամը 6-ի սահմաններում, Հայաստանի հյուսիս–արևելքում տեղակայված սահմանապահ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակման հետևանքով, հայկական զինված ուժերը ունեցել էին 3 զոհ և 6 վիրավոր: Հենց նույն օրը Հայաստան պաշտոնական այցով ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատապարտել էր սահմանային միջադեպը: «Նրանք (ադրբեջանական կողմը) փորձեցին ներկայացնել, որ կատարվածը դիրքերում առկա լարվածության հետևանք է: Ադրբեջանցիներին անհրաժեշտ է լարվածություն առաջին գծում՝ սակայն ոչ պատերազմ: Դա պետք է ռեժիմին, քանի որ կան խնդիրներ, որոնք փորձում են կարգավորել նաև այս կերպ՝ ապակայունացնելով իրավիճակը»,- նշեց Դ. Ջամալյանը, բոլորին կոչ անելով լինել իրատես, քանի որ հրադադարը թելադրում է նաև իրավիճակի ապակայունացում: Դավիթ Ջամալյանը, բարձր գնահատելով հայկական կողմի կատարած պատասխան քայլը, նշեց,որ հայկական բանակի յուրաքանչյուր զոհը մեզ համար մեծ ցավ է: «Փառք ու պատիվ տղաներին, որ կարողացան իրենց կյանքի գնով առաջխաղացումը հետ մղել»,-հավելեց բանախոսը: Հունիսի 5-ի առավոտյան ադրբեջանցիները նոր փորձ էին ձեռնարկել: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում ադրբեջանական դիվերսիոն խումբը 5 զոհ և բազմաթիվ վիրավորներ թողնելով նահանջել էր:

No comments: