Thursday, June 7, 2012

Համանախագահները պատժու՞մ են Ադրբեջանին

«Լրագիր» 6-6-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բաքվում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ հունիսի 18-ին Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը կառաջարկվի Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր տարբերակ: Հետաքրքրական է, որ մինչ Քլինթոնի տարածաշրջանային այցը, կարծես թե չէր հայտարարվում, որեւէ արտահոսքի միջոցով չէր խոսվում այն մասին, որ նա տարածաշրջանում նոր տարբերակի գաղափար է ներկայացնելու կողմերին: Ըստ ամենայնի, այդ գաղափարը Քլինթոնի մոտ հասունացել է հենց տարածաշրջանում, այն բանից հետո, երբ նրա այցն “արյունոտեց” Ադրբեջանի դիվերսիան հայկական դիրքերի հանդեպ: Չի բացառվում, որ դա նպաստեց հընթացս որոշում կայացնելուն: ԱՄՆ պետքարտուղարը երեւի թե դա համարեց այսպես ասած արժանապատվության հարց եւ փորձեց իրորոշակիորեն “անպատված” այցից դուրս գալ պատվով, կատարելով որոշակի նախաձեռնություններ: Ընդ որում, չի էլ բացառվում, որ այստեղ իրական կամ որեւէ խորիմաստ տարբերակի մասին խոսք չկա, այլ պարզապես հիմնական շեշտը դրվում է արտաքին էֆեկտի վրա, եւ Քլինթոնն ասենք Բաքվին պարտադրել է ընդունել խաղի կանոնն ու ցույց տալ, որ քննարկվում է նոր տարբերակ: Ի դեպ, պետք չէ բացառել նաեւ, որ այստեղ ԱՄՆ պետքարտուղարը Բաքվի համար նահանջի ճանապարհ է թողնում: Բանն այն է, որ Քլինթոնը դեռ Երեւանում հայտարարեց, որ Բաքվում հորդորելու է զերծ մնալ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից եւ փորձերից: Քլինթոնը Բաքվում հայտարարել է այդ մասին, իսկ Ալիեւի հետ առանձնազրույցի ընթացքում միգուցե նրան բավական հստակ հասկացրել, որ չենթարկվելը կարող է ծանր նստել Ադրբեջանի վրա եւ որ այդքան էլ անվտանգ չէ շանտաժի լեզվով խոսել ԱՄՆ հետ: Ըստ երեւույթին, նոր տարբերակի գաղափարը հորինվել է այն բանի համար, որ Ալիեւը կարողանա Ադրբեջանում գոնե պահպանել վերջին օրերին կատաղած իր դեմքը. Ադրբեջանը շատ ագրեսիվ էր դարձել, հիմա երբ կտրուկ լռի, ակնհայտ կլինի, որ նրան սաստել է Քլինթոնը: Մինչդեռ նոր տարբերակի դեպքում, Ալիեւը հնարավորություն կստանա հայտարարել, թե իր քայլերի շնորհիվ սեղանին դրվել են նոր մոտեցումներ, որոնցից Ադրբեջանը գոհ է եւ կշարունակի բանակցությունը որոշ ժամանակ: Այլ կերպ ասած, հավանական է, որ նոր տարբերակ ասվածն ընդամենը բանակցային գործընթացը մի տեւական շրջան էլ շարունակելու համար է: Իսկ այդ ընթացքում, ինչպես ցանկացած այլ տարբերակի դեպքում, կողմերից ամեն մեկը կհայտարարի, որ նորը հենց իրեն ձեռնտու տարբերակն է: Դրա հավանականության մասին է խոսում նաեւ այն, որ արտգործնախարարների հունիսի 18-ի հանդիպումը լինելու է Փարիզում, որտեղ օրերս նախագահ է փոխվել: Հազիվ թե Ֆրանսիայի նոր նախագահ Օլանդը բեկումնային մուտք ունենա կարգավորման գործընթաց: Նրա համար արդեն իսկ նշանակալի մուտք կլինի այն, որ հանդիպումը կլինի Փարիզում, եւ նա կծանոթանա Նալբանդյանի եւ Մամեդյարովի հետ, եւ չի բացառվում հրավերներ հղի Սարգսյանին եւ Ալիեւին՝ իհարկե առանձին-առանձին այցերի հրավեր: Իսկ թե արդյոք որքանով առանձնահատուկ, էական կլինեն նոր մոտեցումները, որ կներկայացվեն կողմերին նոր շրջանի համար, կերեւա ժամանակի ընթացքում: Ավելին, պետք էլ չէ բացառել, որ դրանք դեռ պետք է հորինվեն, եւ նույնիսկ չի էլ բացառվում, որ նոր մոտեցումներ բերելը դրված է ասենք Ադրբեջանի վրա, որպես պատիժ այդ երկրի սանձարձակության համար: Ի վերջո, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մոտ երկու տասնամյակի փորձը, պատմությունն ու բովանդակությունը վկայում են, որ նոր մոտեցումներ գտնելը, այն էլ Ադրբեջանի համար, իսկապես պատիժ է: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: