Thursday, June 7, 2012

Ամերիկացի վերլուծաբանները հույս չեն կապում Մինսկի խմբի հետ

Report.am. 7-6-2012- Անդրկովկասի մասնագետ ամերիկացի վերլուծաբանները մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման եւ Հայաստան-Ադրբեջան սահմանում իրադրության սրման առնչությամբ: Վաշինգտոնում` Վուդրո Վիլսոնի կենտրոնում տեղի ունեցած քննարկման թեման, որ կայացել է հունիսի 5-ին, հենց իրադրությունն է հայ-ադրբեջանական սահմանին: Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի գիտաշխատող Ուեյն Մերրին կարծում է, որ պատերազմը "ոչ թե սկսել է, այլ դիտարկվում է որպես ինչ-որ դրական բան": Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը այլեւս ի վիճակի չէ կանխել պատերազմը: "Միջնորդները բանակցություններ չեն վարում. կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը արգելափակում են նրանց աշխատանքը, եւ ժամանակն է անցնել միջնորդությունից ուժային արբիտրաժին",- ասել է Մերրին: "Նոր կոնֆլիկտը չի լինի 1988-ի կրկնությունը, այն կլինի ավելի արագընթաց եւ ավելի մահացու` հաշվի առնելով ռազմական պատրաստվածությունը: Դրա համար ավերածություններն ավելի մեծ կլինեն: Նոր պատերազմը կներգրավի նաեւ տարածաշրջանային խաղացողներին`Թուրքիան` Ադրբեջանի համար, Ռուսաստանը` Հայաստանի: Կոնֆլիկտը չի սահմանափակվի տարածաշրջանով եւ կընդլայնվի: Անհրաժեշտ է մեծ եղբոր ուժեղ ձեռքը` հարցը լուծելու համար",- շեշտել է Մերրին` նաեւ ակնարկելով, որ Ադրբեջանը չի դիմի նման քայլի առանց Թուրքիայի աջակցության: Քննարկման մեկ այլ մասնակից` Կարնեգիի հիմնադրամի ներկայացուցիչ Թոմաս դե Վաալը, մատնանշելով այն փաստը, որ տարեկան կոնֆիկլտի գոտում տասնյակ մարդիկ են զոհվում, շեշտել է, որ հակամարտությունը չի կարելի սառեցված համարել. "Վերջին դեպքերը եւս մեկ անգամ ապացուցեցին դա: Համաշխարհային առաջնորդները անարդյունք փորձում են լուծել այս կոնֆլիկտը: Արտաքին ուժերը խնդիր չեն, հարցն արմատներով անցած դարեր է գնում` դեպի սահմանների հաստատում, երբ հարեւան արդբեջանցիներն ու հայերը չկարողացան համատեղ ապրել: Բաքուն տնտեսական վերելք է ապրում եւ կշիռ ունի աշխարհում, այս գործընթացը կձգվի դեռ 10-20 տարի",- վստահություն է հայտնել Վաալը: Մերրիի եւ Վաալի կարծիքով, Թուրքիան պետք է կարգավորի հարաբերությւնները Հայաստանի հետ` դրական օրինակ ծառայելով Ղարաբաղի համար: Ընդորում, ուշագրավ է, որ ամերիկացի վերլուծաբանների կարծիքով առաջին քայլը հենց Անկարան պետք է անի: Մերրիի խոսքով, Մինսկի խումբը պետք է վերաձեւափոխվի: Ջորջթաունի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Չարլզ Քինգն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է անի իրենից կախված ամեն բան, որպեսզի բոլորը հասկանան` ոչ ոք չի շահի կոնֆլիկտի բորբոքումից: Քինգը նույնպես կարծիք է հայտնել, որ Մինսկի խումբը չի լուծի խնդիրը: Վերլուծաբանի հավաստմամբ, ղարաբաղյան հակամարտությունը տարածքային խնդիր չէ, այլ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ թշնամության հարց:

No comments: