Tuesday, August 11, 2009

«Կոնգրեսը քարոզարշավ է սկսել»

A1+ -10-8-2009- ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ գործող իշխանությունների կամ ԵԱՀԿ համանախագահների հայտարարություններին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լուրջ չի վերաբերվում: Սարգսյանը ցանկանում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծվի Համաձայնագիր ստորագրելով. «Վերջ ի վերջո ցանկացած պատերազմ, առճակատում լուծվում է փաստաթղթով: Ավելին, ես խիզախություն եմ համարում փաստաթուղթ ստորագրելը: Ի՞նչ լուծեց Ռոբերտ Քոչարյանը` իմիտացիա անելով. պատերազմի վտանգը մնաց, երկրի տնտեսությունը չզարգացավ, միայն ինքը հարստացավ: Ես դա տղամարդկություն չեմ համարում: Իհարկե, խնդիրն այն է, թե ինչ փաստաթուղթ կստորագրեն»: Արամ Սարգսյանը ԼՂ-ի, եւ ընդհանրապես Հայաստանի արտաքին, եւ թե ներքին քաղաքականության հարցերում որեւէ տարբերություն չի տեսնում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Մի հարցում նա համոզված է. «ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդիրը լուծելու իմիտացիա է անում: Նույնը վերաբերում է նաեւ Ադրբեջանի նախագահին: ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարները, որոնք իշխանության են եկել անօրինական ճանապարհով, արյան վրայով, այնպիսի բարդ խնդիր, ինչպիսին ԼՂ-ն է, չեն կարող լուծել: Իրենք դա հասկանալով` չեն գնում խնդրի լուծմանը»: Նա գտնում է, որ ԼՂ գործընթացին կարելի է գնահատական տալ միայն սեղանի վրա գտնվող փաստաթղթին ամբողջությամբ ծանոթանալուց հետո. «Եւ ՀՀ-ում եւ թե Ադրբեջանում իշխանություններն իրենց գինը բարձրացնելու համար որոշակի օղակների լրացուցիչ ակտիվության պահանջարկ են ներկայացնում, որպեսզի կարողանան ցույց տալ, որ տեսեք, թե մեզ վրա ինչ ճնշումներ կան մեր երկրի ներսում, բայց մենք գնում ենք խնդրի լուծմանը, կամ էլ հակառակը, որպեսզի չգնան խնդրի լուծմանը եւ պատրվակ ունենան»: «Ես չէի ցանկանա, որ ԼՂ հարցով մեր երկրում ընդդիմության եւ իշխանությունների միջեւ խնդիրներ առաջանային: ԼՂ հարցում Կոնգրեսն իրեն միշտ պահել է կոռեկտ` լրացուցիչ ճնշումներ չգործադրելով իշխանությունների վրա: Բոլորի համար էլ պարզ է, որ գործող իշխանությունների վրա արտաքին ճնշումները շատ մեծ են: Մենք ի սկզբանե ասել ենք, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Երբ մենք խնդիր ունեինք հարցը պատերազմով լուծելու, լուծեցինք եւ վերջացրեցինք»: Սարգսյանը միաժամանակ գտնում է, որ ԼՂ հարցում կա մի սահման, երբ խնդիրը պատերազմով լուծելն ավելի գերադասելի է: Իսկ ո՞րն է այդ սահմանը`մեր հարցին` «Հանրապետություն» կուսակցության նախագահն ասաց. «Այդ սահմանը կա յուրաքանչյուր հայի եւ ադրբեջանցու համար: Այդ սահմանը Մադրիդյան սկզբունքնե՞րն են, թե՞ ոչ, ես դրա մասին կարող եմ ասել միայն այդ փաստաթուղթը մանրամասն կարդալուց հետո: Դա շատ կարեւոր է: Ով գտնում է, որ 7 տարածքներն էլ կարող ենք պահել, դեռ ավելին` Բաքուն էլ գրավենք, դա այդ մարդու մոտեցումն է: Ես կողմ եմ, որ իմ տղան գնա Ղարաբաղը պաշտպանելու, բայց ես դեմ եմ, որ նա գնա Բաքուն գրավելու: Եթե նման պոտենցիալ, ներուժ կա մեր պետության մեջ, ես նրա կողմից եմ, թող նա իմ հրամանատարը դառնա: Բայց նման բան չկա: Ես անձամբ Բաքուն գրավելու ցանկություն չունեմ: Ես գտնում եմ` պատերազմով մենք մեր խնդիրն արդեն լուծել ենք: Հիմա խաղաղ ճանապարհով, արժանապատիվ պետք է լուծենք խնդիրը»: Սարգսյանն այսօր բարոյական չի համարում կեղծ ընդդիմություն խաղալը: Խոսքը ԼՂ հարցում ՀՅԴ-ի պահվածքին է վերաբերում. «ՀՅԴ-ն իշխանական կուսակցություն է, մնացել է իշխանություն եւ շարունակելու է այդպիսին լինել: ՀՅԴ բազմաթիվ գործիչներ լուրջ տնտեսական գործունեություն են ծավալում եւ նրանց մոտ որեւէ հարկային ստուգումներ չեն անցկացնում, որեւէ մեկին չեն ազատում պաշտոնից: Սա ակնհայտ փաստ է: Իշխանություններին անհրաժեշտ է, որ երկրի ներսում լինեն ուժեր, որոնք ասեն` որեւէ թիզ հող չենք զիջելու: Քանի որ ընդդիմությունը նման բան չի ասում, ասում է, որ կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, այդ դաշտում իշխանությունները տեղավորում են ՀՅԴ-ին»: Ի դեպ, Արամ Սարգսյանի կարծիքով ԼՂ բանակցությունների լիարժեք մասնակից կարող է դառնալ միայն մի դեպքում. «Դա շատ պարզ է` ՀՀ-ի նախագահը պետք է լինի հայաստանցի: Ես դեմ եմ հայաստանցի, ղարաբաղցի տարանջատումներին, սակայն ԼՂ հարցում դա կարեւոր է: ՀՀ նախագահը պետք է լինի հայաստանցի եւ լեգիտիմ»: «Հանրապետության» նախագահը ավելորդ է համարում այն քննարկումները, թե հոկտեմբերին Սերժ Սարգսյանը կգնա Թուրքիա, թե՞ ոչ. «Դա Սերժ Սարգսյանից չի կախված: Կստիպեն` կգնա, չեն ստիպի` չի գնա: Ես սա խորը ցավով եմ ասում»: Սարգսյանը համոզված է, որ Սարգսյանի Թուրքիա գնալ կամ չգնալը նույնպես որեւէ ազդեցություն չի ունենա մեր երկրի վրա. «Անօրինական իշխանությունները չեն կարող նպաստել երկրի զարգացմանը»: Կոնգրեսը կարծես թե քարոզարշավ է սկսել, այդպե՞ս Է. «Ա1+»-ի հարցին` Արամ Սարգսյանը պատասխանեց. «Միանշանակ այդպես է: Մենք մեր ծրագրերն ենք ներկայացնում` արժանապատիվ ապրելու, ապագա սերնդին նորմալ երկիր թողնելու համար»: Արամ Սարգսյանը հաստատեց, որ աշնանը իրավիճակի փոփոխությունն է սպասվում, սակայն իրեն իրավունք չվերապահեց մանրամասնել. «Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մասին կմանրամասնի սեպտեմբերի 18-ի հանրահավաքին, եթե մինչ այդ այլ հանրահավաք չլինի»:

No comments: