Wednesday, March 31, 2010

Ս.Բաբայան. «Մինսկի խումբն իր դերը չի կատարում»

Aysor.am. 30-3-2010- Ադրբեջանը թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղն ինտեգրվի բանակցային գործընթացին: Այդ տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: «Ադրբեջանն իր ամբիցիաներով խնդիրներ է դնում, որ միջնորդներն անգամ չեն փորձում այդ հարցում որևէ ճնշում գործադրել իր վրա և փորձել Ղարաբաղյան կողմը ներքաշել բանակցությունների դաշտ»,- ասաց բանախոսը, միաժամանակ կարծիք հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը վերականգնելով այլևս ինչ-որ հարց չի փոխվելու, քանի որ քաղաքական պահը հայկական կողմը կորցրել է 1994 թվականին: «Այն ժամանակ պետք է չկանգնեինք, պետք է պարտադրեինք վերջնական փաթեթը ստորագրելու` գիտակցելով, հասկանալով, որ մեր հակառակորդը 1993 թվականին համաձայնվել է փաստաթղթեր ստորագրելու, բայց նորից նույն 1993 թվականի դեկտեմբերին պատերազմ սկսել: Նորից 1994 թվականին, երբ սկսել է պարտվել, նորից գնացել է փաստաթուղթ ստորագրելու: Սա է մեր հակառակորդը»,- ասաց Ս.Բաբայանը, հավելելով, որ Ղարաբաղը բանակցային կողմ կդառնա այն ժամանակ, երբ հակամարտության գործընթացում իրավիճակը կրկին սրվի և լինի պատերազմ: Բանախոսը դժգոհություն հայտնեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների աշխատանքից: «Միջնորդները, որոնք իրենց միջնորդ են ներկայացնում, գնում են Ադրբեջանին փոխզիջումների, Ադրբեջանի կողմից թելադրանքի: «Միջնորդ» մենք հասկանում ենք դատավորի կարգավիճակը, բայց նրանք այսօր այդ կարգավիճակը չունեն: Ադրբեջանը թելադրում է, և նրանք խնդիր ունեն իրենց առջև պաշտանելու տարածքային ամբողջականությունը: Ես գտնում եմ, որ Մինսկի խումբն իր դերը չի կատարում»,- ասաց Ս.Բաբայանը, նշելով, որ իմանալով Հայաստանի դիրքրոշումը` միջնորդները նման փաստաթուղթ չպետք է ներկայացնեն հայկական կողմին:

No comments: