Wednesday, March 31, 2010

Թուրքիան գրեթե դարձել է Մինսկի խմբի համանախագահ. Սուաթ Քընըքլըօղլու

Tert.am. 30-3-2010- Թուրքիան, թեև առանց անունը նշվելու, գրեթե դարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Այս մասին թուրքական Star օրաթերթի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն: «Այսօրվա իրավիճակը բոլորովին այլ է: Եթե անգամ դանդաղ ընթացող, սակայն, այնուամենայնիվ, հարաբերությունների կարգավորման գործընթաց կա, և այն շարունակվում է: Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ գործընթացը հասնի իր նպատակակետին, սակայն, միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեսնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ քայլեր են իրականացվում»,- հայտարարել է Սուաթ Քընըքլըօղլուն` ստեղծված իրավիճակի առնչությամբ բերելով հետևյալ օրինակը. «Երկու մարդ ճանապարհ են դուրս գալիս ավտոմեքենայով: Սակայն ճանապարհին նետված քարից պայթում է մեքենայի անվադողը։ Հիմա մենք ներկա պահին ավտոմեքենայից իջել և փորձում ենք նորոգել այդ անվադողը: Հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանային հարց է: Եթե կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն էլ կդրվի ռելսերին և Հարավային Կովկասը կվերածվի Թուրքիայի ազդեցության գոտու: Հայերն ասում են` նախապայման չկար, սակայն եթե նույնիսկ Արձանագրություններում չի հիշատակվում ղարաբաղյան հիմնախնդիրը, խոսք է գնում տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին»,- նշել է Քընըքլըօղլուն` ընդգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդիրը տարածաշրջանի վրա մեծ ազդեցություն գործող հակամարտություն է: Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում անուղղակիորեն նշանակում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծում: «Հարցի կարգավորման համար նկատվում է ակտիվ դիվանագիտական երթևեկություն: Թուրքիան, առանց անունը նշվելու, գրեթե դարձել է Մինսկի խմբի համանախագահ: Առայժմ արդյունք չկա: Չեմ կարող ասել, թե կարգավորման գործընթացը երբ կհանգուցալուծվի և ինչպիսի ելք կունենա, սակայն հուսով եմ, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն: Արձանագրություններից ստորագրությունը հետ վերցնելն ամենևին էլ օգտակար չէ Երևանի համար: Վախենում եմ, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման դեպքում Կովկասում լարվածությունը կմեծանա, և հնարավոր է` սկսվեն բախումներ: Եթե Արձանագրությունները տապալվեն, մենք ոչ թե կվերադառնանք այն կետին, որտեղից սկսել ենք, այլ ավելի վատ կետի կհասնենք: Երբ մենք տեսնենք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման «ճանապարհային քարտեզը», մեծ հաշվով հասած կլինենք կարգավորման»,– ասել է նա: Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը, կարևորելով երկրի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի` հայկական սփյուռքի հետ շփումներ սկսելու անհրաժեշտության մասին հայտարարությունը, նշել է, որ արդեն ապրիլին ինքը ծրագրում է հանդիպել Սփյուռքի որոշ ներկայացուցիչների հետ:

No comments: