Friday, April 30, 2010

ԵԽԽՎ լիագումար նիստում հրապարակվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն

Tert.am-30.04.2010-Այսօր առավոտյան Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի մեկնարկին հրապարակվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։ Այս մասին Ստրասբուրգից հեռախոսով Tert.am–ին տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով, նախօրեին հայկական պատվիրակությունը շրջանառության մեջ էր դրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող գրավոր հայտարարության նախագիծ։ «Հաշվի առնելով, որ լրացավ Հայոց ցեղասպանության 95–ամյակը, և արձանագրելով, որ Ցեղասպանության ճանաչումը նպաստում է մարդկային արժանապատվության հարգմանը և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, վկայակոչելով տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Վեհաժողովի ներքոստորագրյալ անդամները Վեհաժողովի անդամներին կոչ են անում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր 1915թ. Օսմանյան կայսրության իրականացրած Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, որը կնպաստի, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչի նաև Թուրքիան, ինչն էլ կնպաստի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բնականոնեցմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,– գրավոր հայտարարության հակիրճ բովանդակությունը ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով, հայկական պատվիրակության գրավոր հայտարարությանը միացել են Վեհաժողովի 15–ից ավելի երկրների ներկայացուցիչներ, այդ թվում այնպիսի երկրների ներկայացուցիչներ, որոնց երկրները դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը (օրինակ, հայտարարությանը միացել է Մեծ Բրիտանիայի պատվիրակության ներկայացուցիչը)։ «Սահմանված ընթացակարգով, երբ հավաքվում է 20–ից ավելի ստորագրություն, իսկ մենք հավաքել են շատ ավելի մեծ թվով ստորագրություններ, այդ հայտարարությունը հանձնվում է քարտուղարություն, և այսօր առավոտյան արդեն Վեհաժողովի լիագումար նիստի մեկնարկին նիստը նախագահող ֆրանսիացի պատգամավոր Ժան Կլոդ Մինյոնը հրապարակեց այդ հայտարարությունը՝ ասելով, որ այն բաց է ստորագրությունների համար, ցանկացողները կարող են միանալ»,–նշեց հայկական պատվիրակության ներկայացուցիչը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այսօրվա նիստը չղեկավարեց ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք այդպես էլ ակնկալում էինք, որ Չավուշօղլուն չի վարի նիստը, որպեսզի խուսափի այդ հայտարարության հրապարակումից»,– ընդգծեց Զոհրաբյանը։ «Ես շատ կարևոր եմ համարում, որ Վեհաժողովի ամբիոնից հերթական անգամ հնչեցվեց Հայոց ցեղասպանության մասին, հնչեցվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին և հնչեցվեց կոչ Թուրքիային՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,– եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

No comments: