Saturday, May 8, 2010

ԴԵՆԻ ԹԱՐՔԱՆՅԱՆՙ ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏՈՒՄ

«ԱԶԳ», 08-05-2010- Կալիֆոռնիայի 35-րդ կառավարիչ Ջորջ Դոքմեջյանը եւ ճանաչված փաստաբան Մարկ Կիրակոսը ստորագրել են համատեղ հայտարարություն (որի մեկ օրինակը հասցեագրել են մեր խմբագրությանը), որով կոչ են անում ամերիկահայերին հունիսի 8-ին կայանալիք Մ. Նահանգների Սենատի ընտրություններին քվեարկել հօգուտ Նեւադայից առաջադրված թեկնածու Դեննի Թարքանյանի: «Հայոց ցեղասպանության ճանաչման կամ որեւէ հայկական հարցի դրական լուծմանը հասնելու համար մենք Սենատում ամերիկահայի ձայնի կարիքն ունենք: Այդ ձայնը հնչեցնողը կարող է լինել Դեննի Թարքանյանը», նշված է հայտարարության մեջ: Դեննին բասկետբոլի մրցավար Ջերրի Թարքանյանի զավակն է: Մեծացել է հայկական մթնոլորտում, նախՙ Ֆրեզնոյում, ապաՙ Լաս Վեգասում: Մասնագիտությամբ իրավաբան է եւ օրինակելի գործարար: Ուսանելու տարիներին առաջատար դեր է կատարել Նեւադայի համալսարանի բասկետբոլի խմբում եւ դարձել իր ֆակուլտետի առաջին «Ռոդս գիտնականի» թեկնածուն: Ամուսնացած է, ունի երեք դուստր եւ մեկ որդի: Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ հայտարարությունը ստորագրողները յուրաքանչյուր ամերիկահայի կոչ են անում 28 դոլար նվիրատվությամբ մասնակցել Դեննի ընտրարշավին, որպեսզի նա կարողանա իր լավ ֆինանսավորված հակառակորդների դեմ պայքարը հաջողությամբ ավարտին հասցնել: Նեւադայում նրա աջակիցների թիվն արդեն իսկ ավելանում է օրեցօր:

No comments: