Saturday, May 8, 2010

ՀԱՅԵՐԻ «ԿՐԿՆԱԿԻ ՄԱՀԸ». «ՆՐԱՆՑ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ ԵՐԵԿ ԵՎ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՍՕՐ»

Իսպանական պարբերականը` Հայոց ցեղասպանության մասին
«ԱԶԳ», 08-05-2010- «Ազգը» տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ է մտել իսպանական խորհրդարան եւ մոտ ժամանակներս պետք է քննարկվի: Ու, չնայած «ապրիլի 24-ն արդեն անցել է», տարբեր երկրների խորհրդարանների օրակարգում դեռ մնում են հայկական բանաձեւերը, տարբեր երկրներում դեռ շարունակվում են մամլո հրապարակումները Ցեղասպանության վերաբերյալ: Իսպանական «La Vanguardia» պարբերականը վերջին համարներից մեկում ընդարձակ հոդված է տպագրել, որտեղ եւս մեկ անգամ փաստվում է Ցեղասպանությունը եւ քննադատվում թուրքական պահվածքն այս հարցում: Իսպանական թերթը գրում է. «Շուրջ 1,6 մլն հայեր Օսմանյան կայսրությունում 1915-1918-ին ենթարկվեցին պարբերական ոչնչացումների: Նրանց մեղքը միայն այն էր, որ հայ էին` Օսմանյան կայսրության թշնամի ազգություններից մեկը: Նույնիսկ այժմ` իրադարձություններից այսքան տարի անց, Թուրքիան շարունակում է պաշտոնապես հերքել Ցեղասպանությունը եւ հայերի բռնի վտարման փաստերը: Այնինչ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն է, եւ հենց այն է ոգեշնչել Հիտլերին` 1933-1945-ը սպանել ու հետապնդել 6 մլն հրեաների, ոչնչացնել նրանց ֆաշիստական ճամբարներում»: Ավելի կոնկրետ անդրադառնալով Թուրքիայի ժխտողականությանը` իսպանական թերթը տարակուսանք է հայտնում, թե... ինչո՞ւ Էրդողանին չեն ձերբակալում, երբ նա Թուրքիայից մեկնում է այլ երկիր. «Ունենալով իր ձեռքում պետական բոլոր լծակներըՙ վարչապետ Էրդողանը հանգիստ, անկաշկանդ հերքում է հայերի ցեղասպանությունը: Սակայն զարմանալ ամենեւին էլ պետք չէ. ինչո՞ւ «ժողովրդավարության ընկեր», իսկ իրականում նոր ազգայնամոլ Էրդողանը պետք է դատապարտի ոչ վաղ անցյալի հանցագործությունները, երբ ինքը, շարունակելով հերքման քաղաքականությունը, չի ձերբակալվում որեւէ երկրում` ժամանելուն պես: Իսպանիայի պարագայում պատճառն ակնհայտ է. Թուրքիան մասն է կազմում, այսպես կոչված, քաղաքակրթության դաշինքի, որի նախաձեռնողը վարչապետ Սապատերոն է: Այս մարմինը կոչված է առավել հեշտացնելու երկրների մուտքը Եվրոմիություն: Ի՞նչ է ստացվում` արժեքների քաղաքականությունը փոխարինվել է` հետաքրքրությունների քաղաքականությա՞մբ: Որքա՞ն հայեր դեռ պետք է անհավասար պայքար մղեն թուրքական քարոզչության եւ մեր «հարմար անտարբերության» դեմ: Ստացվել է այնպես, որ հայերը ոչնչացվել են երկու անգամ. բառիս բուն իմաստով ոչնչացվեցին «երեկ», եւ երբ նրանք մոռացության են մատնված` այսօր: Ի տարբերություն հրեաների, որոնք կարողացան ստեղծել միջավայր` իրենց կոլեկտիվ հիշողության պահպանման համար, հայերին վիճակված է ամեն օր տանել սեփական ցավը` ուրացման եւ անտարբերության պատճառով, որը նրանց դարձնում է այսօրվա զոհերը, ոչ թե երեկվա», եզրափակում է իսպանական պարբերականը: Հ. ԱՖՅԱՆ

No comments: